ԱՄՆ Պետական դեպարտամենտը ներկայացրել է ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշումը՝ նշելով, որ նման վճիռ կայացնելու իրավասությունը վերապահվում է պաշտոնական Երևանին։
«Սա Հայաստանի կառավարության որոշելիքն է, և մենք հարգում ենք դա։ Ոչինչ չենք տեսել, որը կվկայեր այն մասին, թե Ռուսաստանի ռազմական ներկայությունը նպաստում է Հարավային Կովկասի՝ ավելի խաղաղ և կայուն տարածաշրջան լինելուն», - «Ամերիկայի ձայն»-ին փոխանցել են Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունից:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ խորհրդարանում ակնարկեց ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին: «Մենք կորոշենք՝ երբ դուրս գանք, բա ձեր կարծիքով հաջորդ քայլը ո՞րն է, բա կարո՞ղ է հետ գնանք», - մասնավորապես հայտարարեց Փաշինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն ակնարկեց ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին
ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։
Երևանն ի պատասխան մերժեց սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, 2024-ին էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, և չբացառեց, որ Հայաստանը կարող է դուրս գալ դաշինքից։
ՀԱՊԿ-ի անդամները վեցն են՝ Հայաստան, Ղազախստան, Ղրղըզստան, Ռուսաստան, Տաջիկստան և Բելառուս։