Հանուն ազատության, հանուն ժողովրդավարության. Չիկագոյում մեկնարկեց դեմոկրատների համագումարը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և փոխնախագահ, նախագահի թեկնածու Քամալա Հարիսը դեմոկրատների համագումարի ժամանակ, Չիկագո, 19-ը օգոստոսի, 2024թ.

«Թույլ տվեք հարցնել ձեզ` պատրա՞ստ եք քվեարկել հանուն ազատության։ Պատրա՞ստ եք քվեարկել հանուն ժողովրդավարության և հանուն Ամերիկայի, պատրա՞ստ եք ընտրել Քամալա Հարիսին և Թիմ Ուոլսին ԱՄՆ նախագահ և փոխնախագահ», - երկուշաբթի երեկոյան մեկնարկած դեմոկրատների համագումարում հայտարարում էր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, որին դահլիճը բուռն արձագանքում էր։

Չորսօրյա համագումարի առաջին օրը նա էր ուշադրության կենտրոնում։ Բայդենի ելույթը նաև նմանվեց հրաժեշտի խոսքի Դեմոկրատական կուսակցությանը, որին ծառայեց կես դար շարունակ, մինչև վերջերս, երբ հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփի հետ անհաջող բանավեճից հետո, շաբաթներ առաջ հայտարարեց ընտրապայքարից դուրս գալու մասին՝ դեմոկրատներին հորդորելով նախագահի թեկնածու առաջադրել փոխնախագահ Քամալա Հարիսին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Չիկագոյում այսօր մեկնարկում է Դեմոկրատական կուսակցության համագումարը, Հարիսն իր առաջին մեծ ելույթը կունենաՀարիս. «Ես գտա այդպիսի առաջնորդի, և դա Թիմ Ուոլսն է»Քամալա Հարիսը պաշտոնապես դարձավ Դեմոկրատական ​​կուսակցությունից նախագահի թեկնածուն

Բայդենն իր ելույթում պաշտպանեց իր նախագահության քառամյա ժամանակաշրջանի ձեռքբերումները՝ անդրադառնալով շատ թեմաների, որ բարձրացրել էր դեռ 2020-ի նախընտրական շրջանում, ինչպես նաև վերջերս, երբ դեռ նախընտրական հանդիպումներ էր ունենում։

Հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփի հասցեին մի շարք քննադատություններ հնչեցնելով՝ Բայդենը գովաբանեց իր վարչակազմի ձեռքբերումները և այդ գործում Քամալա Հարիսի դերը։

«Քո շնորհիվ մենք ունեցել ենք ամենաարտասովոր չորս տարիների առաջընթացը երբևէ, երբ ասում եմ մենք՝ նկատի ունեմ Քամալային և ինձ», - գովաբանելով Քամալա Հարիսին և նրա ընտրած փոխնախագահի թեկնածու, Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլսին, Բայդենը նրանց համարեց «լավագույն հույսը՝ պաշտպանելու ամերիկյան ժողովրդավարությունը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հարիս. «Ես գտա այդպիսի առաջնորդի, և դա Թիմ Ուոլսն է»

Քամալա Հարիսը բեմ բարձրացավ բուռն ծափահարությունների ներքո: «Ջո, շնորհակալություն քո պատմական առաջնորդության և ողջ կյանքի ընթացքում մեր ժողովրդին ծառայելու ու այն ամենի համար, ինչ շարունակում ես անել։ Մենք հավերժ երախտապարտ ենք քեզ», - ասաց նա։

Հարիսը կոչ արեց համախմբվել՝ նոյեմբերին պայքարելու հանուն թանկագին գաղափարների․ - «Եկեք միշտ հիշենք՝ երբ պայքարում ենք, մենք հաղթում ենք: Աստված օրհնի ձեզ։ Աստված օրհնի Ամերիկայի Միացյալ Նահանգները»։

Չիկագոյում, դեմոկրատների համագումարի շենքի հարևանությամբ բողոքի ակցիա էր անցկացվում, որի մասնակիցները բողոքում էին Իսրայել - «Համաս» պատերազմում Բայդենի վարչակազմի դիրքորոշման դեմ, որն անվերապահորեն պաշտպանում և աջակցում է Իսրայելին։

Համագումարում Բայդենն իր ելույթում անդրադարձավ նրանց՝ ասելով, որ «ցուցարարները բողոքի տեղ ունեն, երկու կողմից շատ անմեղ մարդիկ են սպանվում»։ Նա հավաստիացրեց, որ շուրջօրյա աշխատում է Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը հասնելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երթ Չիկագոյում՝ Գազայի պատերազմում Իսրայելին Բայդենի վարչակազմի աջակցության դեմ

Reuters-ը նշում է, որ ցուցարարներն ավելի քիչ էին, քան ակնկալում էին կազմակերպիչները, որոնք հույս ունեին, որ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց։ Ոստիկանությունը չորս մարդու է ձերբակալել, երբ հիմնական երթից մի խումբ է բաժանվել ու խախտել համագումարի շենքի շուրջ սահմանված անվտանգության տարածքը։

Դեմոկրատների համագումարում, որտեղ ելույթներ ունեցան նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, քաղաքական այլ գործիչներ ու պատվիրակներ, քիչ չէին քննդատությունները հանրապետականների թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին։ Կոնգրեսական Ռոբերտ Գարսիան հիշեցրեց 2020-ին Թրամփի ոչ ադեկվատ վերաբերմունքը կորոնավիրուսի համավարակի սպառնալիքներին:

«2020-ի ամռանը մայրս և խորթ հայրս երկուսն էլ մահացան քովիդի համաճարակից։ Ես նրանց ամեն օր կարոտում եմ։ Դոնալդ Թրամփը և նրա MAGA ("Make America Great Again"՝ Թրամփի կարգախոսը. - խմբ.) ծայրահեղականները, ինչպիսին է Մարջորի Թեյլոր Գրինը, նսեմացնում էին համաճարակի սարսափները, դա պետք է մեզ բոլորիս զայրացնի», - հայտարարեց Գարսիան:

Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոչուլը Թրամփի մասին պատկերացում կազմելու համար խորհուրդ տվեց հարցնել նյույորքցիներին։

«Հավատա ինձ, Ամերիկա, եթե կարծում եք՝ հոգնել եք Դոնալդ Թրամփից, խոսեք նյույորքցու հետ։ Մենք ստիպված ենք եղել նրա հետ գործ ունենալ 78 երկար տարիներ. խարդախությունը, հարկերից խուսափելը, կեղծ համալսարանը, ստվերային բարեգործությունը։ Մենք տեսել ենք՝ ինչպես է նա խաբում կապալառուներին, թալանում բանվորներին։ Նա վիրավորում է կանանց, պարծենում դրանով, հետո խլում նրանց իրավունքները։ Նյույորքցիները հոգնել են դրանից»,- հայտարարում էր Քեթի Հոչուլը։

Հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը շարունակում է քարոզարշավը։ Երեքշաբթի օրը նա հանդիպումներ է ունենալու Միչիգան նահանգում, և պլանավորված է ելույթ փոքր մի քաղաքում, որը պատմականորեն առնչվել է ծայրահեղ ռասայական Ku Klux Klan-ի հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հարիսը «տատանվող նահանգներում» առաջ է անցնում ԹրամփիցԹրամփը հարցազրույց է տվել Մասկին, մի քանի անգամ վիրավորել ՀարիսինԹրամփն «իսկական սպառնալիք է ամերիկյան անվտանգության համար»․ Բայդեն