«Բալասանյան» դաշինքը վայր դրեց մանդատները, Գյումրիի քաղաքապետը հրաժարական տվեց

Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյան, արխիվ

Իշխող «Բալասանյան» դաշինքը ողջ կազմով, այդ թվում՝ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, Գյումրիի ավագանու մանդատները վայր դնելու արձանագրություն է ներկայացրել ընտրատարածքային հանձնաժողով։ «Ազատության» տեղեկություններով՝ առավոտյան Սամսոնյանը նաև քաղաքապետի պաշտոնից հեռանալու դիմում է գրել։

Արդեն նախկին իշխող ուժը Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի կառավարումից հրաժարվում է դաշինքի հետ սերտորեն կապված նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի և նրա մերձավորների դեմ քրեական գործի հարուցումից հետո։ Ու չնայած հրաժարականի լուրերն արդեն մեկ շաբաթ է համառորեն պտտվում էին, մինչ այս պահը ոչ Բալասանյանները, ոչ քաղաքապետը, ոչ էլ ավագանու 13 անդամները հրապարակավ չեն բացատրել, թե ինչու են հերթական ընտրություններից երկու տարի առաջ գնում այս քայլին։ Սպասվում է, որ առաջիկայում դաշինքը հայտարարություն կտարածի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երկուշաբթի «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները վայր կդնեն մանդատներըԳյումրիի ավագանու իշխանական «Բալասանյան» դաշինքը, քաղաքապետի գլխավորությամբ, վայր կդնի մանդատները

Գյումրիում ավագանին կարող է շարունակել աշխատանքը 19 հոգով, քանի որ քվորում ապահովելու համար 17 ձայն է անհրաժեշտ։ Իսկ համայնքի նոր ղեկավարի ընտրության հարցով ավագանին արտահերթ նիստ կարող է գումարել 1/3-ի ստորագրությամբ։ Օրինակ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», որն արդեն ամենամեծ խմբակցությունն է դառնում, կարող է արտահեթ նիստ հրավիրել։ Բայց քվորումի համար 6 ձայն պակաս ունի, ու այս պահին պարզ չէ՝ մյուս երեք խմբակցությունները կներկայանա՞ն նիստին, թե՞ ոչ։ Օրենքի համաձայն՝ առաջնահերթ ավագանուն է վերապահված մեկամսյա ժամկետում համայնքի ղեկավարի ընտրությունը իր կազմից։ Եթե մինչև աշնանային նստաշրջանի ավարտը կամ քվորումի բացակայությամբ նիստ չկայանա, կամ կայանա, բայց համայնքի ղեկավար չընտրվի, ապա ավագանին կլուծարվի։

«Բալասանյան» դաշինքը դեռ մանդատները վայր չէր դրել, բայց ՔՊ-ն անցած շաբաթ հայտարարեց, որ արտահերթի է պատրաստվում ու նույնիսկ համայնքապետի թեկնածու ունի, Ազգային ժողովի նախագահն անգամ արտահերթի անցկացման ժամկետ էր նշել՝ հաջորդ ամառ։

Այս ընթացքում քննարկվում էր նաև համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու սցենարը, բայց ավագանու նախկին անդամ Լևոն Բարսեղյանը նկատում է՝ Ընտրական օրենսգիրքը Գյումրիի պարագայում նման լիազորություն չի տալիս։

«Ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հիմքեր չեն երևում: Շատ բարդ է մոգոնել մի այնպիսի պատճառ, ինչպիսին կար Վանաձորում՝ համայնքի ղեկավար չընտրելու, ընտրելու նիստի արգելքի, դատական արգելքի մասով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բարսեղյանը՝ հավելելով. - «Ես չեմ տեսնում որևէ հիմք, որով վարչապետը կարող է ժամանակավոր պաշտոնակատար նշանակել: Այսինքն՝ մինչ այդ, օրենքի տեսանկյունից կամ իրավունքի տեսանկյունից, ինչ-որ իրավական հիմք է լինելու՝ արգելակելու կամ արգելելու համայնքապետի թափուր տեղը լրացնելու համար համայնքապետի ընտրության պրոցեսը, ինչպես եղել է, ինչպես ասացի, Վանաձորի դեպքում՝ դատարանի որոշմամբ: Էս դեպքում չի երևում որևէ բան»:

Այսօր արդեն մամուլում արտահերթ ընտրությունների հստակ օր է նշվում՝ օգոստոսի 23։ Իսկ օրենքով, եթե ավագանին լուծարվի, ապա ամենաուշը 40 օր անց՝ հունվարին կամ փետրվարին, պետք է լինի արտահերթը, հավելում է Բարսեղյանը։

«Եթե այդպիսի բան տեղի ունենա, դա կնշանակի, որ երկրի քաղաքական իշխանությունը որոշում է համայնքային շահը կամ համայնքային ընտրությունների շահը մանիպուլացնել իր քմահաճույքով, ինչը բացարձակ պատիվ չի բերելու իրենց», - ընդգծեց Գյումրիի ավագանու նախկին անդամը:

«Բալասանյան» դաշինքը Գյումրին ղեկավարեց երեք տարի, որից երկու տարին՝ «Քաղաքացիական պայմանագրի» հետ միասին։ Անցած տարեվերջին ՔՊ-ն խզեց քաղաքը համատեղ կառավարելու հուշագիրը, և այդ օրվանից նախկին կոալիցիոն գործընկերների ջրերը մի առվով չէին հոսում։ ՔՊ-ական մարզպետը, տարածքային կառույցի ղեկավարը չէին թաքցնում, որ կուսակցությունը Գյումրիում ձգտում է իշխանության։

«Ժամանակը կգա, երբ որ հասունացավ էն պահը, որ մենք պետք է նոր ընտրություններ կազմակերպենք, գնանք իշխանափոխության, էդ արդեն կյանքը ցույց կտա, ժամանակի հարց է՝ պետք է գանք հասնենք էդ փուլին», - հայտարարում էր մարզպետ Մուշեղ Մուրադյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է, այո, Գյումրու ՏԻՄ ընտրություններին», - իր հերթին, ընդգծում էր կուսակցության Գյումրիի կառույցի ղեկավար, պատգամավոր Կարեն Սարուխանյանը:

Ավագանու մյուս խմբակցությունները դեռ չեն մեկնաբանում «Բալասանյան» դաշինքի շուրջ տեղի ունեցածը։ Միայն Հանրապետականն է, որ կարծում է՝ իրավական գործընթացը քաղաքականացվեց, ինչը հերքում էին ՔՊ-ականները։

«Այստեղ իրավական գործընթացը ոնց որ թե խառնվել է քաղաքական պրոցեսների հետ, և մենք էլ, ցավոք, լուրջ մտահոգություններ ունենք էն առումով, որ էստեղ ժողովրդավարությունն է տուժում, համայնքի, քաղաքացու տված քվեն է տուժում, և իրականում համայնքը կանգնած է լրջագույն խնդրի առջև», - «Ազատության» հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության անդամ Նարեկ Միրզոյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գյումրիում իշխանափոխության տարբեր սցենարներ են քննարկվումԲավարարվել են «Բալասանյան» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված 5 հոգու՝ ցուցակից դուրս գալու դիմումները«Գյումրիում պատրաստ ենք գնալ նոր ընտրությունների». Ալեն Սիմոնյան

ՔՊ-ն ևս առաջիկայում հայտարությամբ հանդես կգա, սպասում էին «Բալասանյան» դաշինքի հրաժարականին։ Ամիսներ առաջ էլ թեժ աշուն էին խոստացել Գյումրիում։ Իսկ աշունը թեժացավ երկու շաբաթ առաջ՝ Գյումրիի ազդեցիկ նախկին քաղաքապետ, գործարար Սամվել Բալասանյանի դեմ վարույթի հարուցումից հետո, երբ նրան ու մերձավորներին մեղադրանք առաջադրեցին պատմական Սև բերդի հարակից հողերի ապօրինի օտարման համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել Սև բերդի հարակից հողատարածքների օտարման գործովՔՊ Գյումրիի կառույցի ղեկավարը բացառում է Բալասանյանի որդուն առնչվող քրգործում քաղաքական ենթատեքստըԳյումրիի նախկին քաղաքապետի որդու գործի շրջանակներում կան նոր ձերբակալվածներՁերբակալվել է Գյումրիի նախկին քաղաքապետի որդին՝ Խաչատուր Բալասանյանը