Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Կարեն Սարուխանյանն է լինելու, լրագրողներին հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Սարուխանյանն այժմ իշխող խմբակցության պատգամավոր է, ՔՊ տարածքային կառույցի ղեկավար։ Նախկինում ղեկավարել է Շիրակի մարզը։
Ազգային ժողովի նախագահը, սակայն, ասաց, թե հստակ որոշում, թե երբ կնշանակվեն ընտրություններ Գյումրիում, չկա։
«Կարծում եմ, որ ընտրություններ տեղի կունենան... ենթադրաբար տարվա սկիզբ կամ երկրորդ կես», - նշեց Ալեն Սիմոնյանը։
Գյումրին առանց իշխանության է մնացել, երբ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու նրա մերձավորների, այդ թվում՝ փոխքաղաքապետ Ջանոյանի դեմ գործի հարուցումից հետո իշխող «Բալասանյան» դաշինքը ողջ կազմով հրաժարական տվեց։
Գյումրիի ավագանիում «Բալասանյան» դաշինքից հետո ամենամեծ խմբակցությունը «Քաղաքացիական պայմանագիր»-ն ունի։
Ալեն Սիմոնյանը չհամաձայնեց գնահատականի հետ, թե Գյումրիում իշխանազավթում է եղել։
Ավագանու նախկին անդամ Լևոն Բարսեղյանն ավելի վաղ «Ազատությանն» ասել է՝ այս գործում քաղաքական ենթատեքստ է տեսնում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գյումրիի կառավարումը կոլապսի եզրին է, պնդում է ավագանու անկախ անդամը