Պաշտոնական Երևանը վերստին հայտարարում է՝ եթե Բաքվում առկա է քաղաքական կամք, ապա խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել ամենասեղմ ժամկետում։ Այդ մասին այսօր հայտարարեց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ելույթ ունենալով Պրահայում ընթացող «Ֆորում 2000» կոնֆերանսում։
Գրիգորյանը վերահաստատեց՝ Հայաստանի իշխանությունը պատրաստ է ստորագրել հայ - ադրբեջանական պայմանագրի նախագծի արդեն համաձայնեցված դրույթները:
Երեկ հայկական կողմի այս առաջարկն Ադրբեջանի նախագահը մերժեց և անիրատեսական համարեց՝ պնդելով, թե խաղաղության համաձայնագրի բոլոր կետերը հավասար արժեք ունեն, դրանք իրարից չպետք է առանձնացվեն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ադրբեջանն անիրատեսական է համարում խաղաղության պայմանագրի ստորագրման Հայաստանի առաջարկըՉնայած Բաքվի կտրուկ մերժմանը՝ Գրիգորյանը չշտապեց ասել, որ հայ - ադրբեջանական բանակցային գործընթացը փակուղում է։ Փակագծեր չբացելով հանդերձ՝ նա նշեց, որ Երևանի և Բաքվի միջև դեռևս չհամաձայնեցված երեք կետերն ավելի երկարատև աշխատանք են պահանջում, և Երևանում համոզված են, որ համաձայնեցված դրույթներով փաստաթղթի ստորագրումը դրական կազդի հետագայում կնճռոտ հարցերի շուրջ քննարկումներին:
«Մենք շատ հստակ հասկանում ենք, որ որևէ երկիր երբեք իր բոլոր խնդիրները չի լուծել մեկ պայմանագրով։ Մենք տեսնում ենք, որ այն հոդվածները, որոնք մենք հիմա քննարկում ենք, շատ ու շատ ժամանակ կխլի, բայց մենք նաև համոզված ենք, որ եթե այս պահին ստորագրենք խաղաղության պայմանագիրը, այն դուռ կբացի ավելի դինամիկ քննարկման համար», - ասաց Հայաստանի ԱԽ քարտուղարը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Երևանը դեռ Բաքվից չի ստացել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկի պատասխանը. ԱԳՆ խոսնակՓաշինյանն Ալիևին առաջարկել է երկկողմ հանդիպումներ անցկացնել, ապա մինչև COP29-ը ստորագրել խաղաղության պայմանագիրը. ԽանդանյանՓաշինյանը կրկին առաջարկում է Բաքվին ստորագրել այն, ինչն արդեն համաձայնեցված էՀայաստանի իշխանության ներկայացուցիչն այս մասին խոսեց դահլիճում ներկա մի ադրբեջանցու հարցին ի պատասխան, որը Գրիգորյանին խնդրեց նաև մեկնաբանել վարչապետ Փաշինյանի կողմից շրջանառության մեջ դրված «իրական» և «պատմական» Հայաստանների տարբերությունները: Մասնավորապես հարցրեց՝ արդյոք դա նշանակում է, որ Հայաստանն, օրինակ, կարող է հրաժարվել Ղարաբաղի պատմությունից:
Անվտանգության խորհրդի քարտուղարը հստակ պատասխան չտվեց, միայն ասաց՝ «ինչ-որ պահի պատմական պահերը, լեգենդները մարտահրավեր դարձան»: Թե ինչ նկատի ուներ, չպարզաբանեց։
Փոխարենը, Արմեն Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանի կողմից հաճախ հնչող հայտարարությունը կրկնեց, թե իրական Հայաստան ասելով նկատի ունեն 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքը։
«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց այս պահից սկսած կարող ենք մի փոքր փոխել մեր պատկերացումն այն մասին, թե ինչ էր կատարվում իրական Հայաստանի համատեքստում», - նշեց Գրիգորյանը:
Անվտանգության քարտուղարը հրավիրված էր խոսելու ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին, ասաց՝ երկու կողմն էլ ցանկություն ունեն զարգացնել հարաբերությունները, մի քանի անգամ շեշտեց՝ համագործակցության մակարդակն աննախադեպ է, ոլորտները՝ բազմազան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՀՀ-ԵՄ հարաբերությունները երբեք այսքան ամուր չեն եղել. ԱԽ քարտուղարԵրևան-Բրյուսել համագործակցության օրակարգից նա առանձնացրեց ԵՄ Խաղաղության հիմնադրամի 10 միլիոն եվրոյի հատկացումը Հայաստանին, որով նախատեսվում է դաշտային մոդուլային ճամբար ստեղծել մեկ գումարտակի համար, կարևորեց Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցով երկխոսության մեկնարկը, որը, սակայն, տարիներ կարող է ձգվել։
ԱԽ քարտուղարն ընդգծեց Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի իր գնահատմամբ դրական նշանակությունը, թեև այս հարցում ևս Բաքվի հետ սուր տարաձայնություններ կան։ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունները պնդում են, թե եվրոպացի դիտորդների տեղակայումը Հայաստանի տարածքում սրում է իրավիճակը Հարավային Կովկասում, խոչընդոտում հայ - ադրբեջանական կարգավորմանը։
Անվտանգության խորհրդի քարտուղարն այսօր չհստակեցրեց՝ արդյոք Բրյուսելի հետ քննարկում են առաքելության մանդատի ժամկետը 2025 թվականի փետրվարին լրանալուց հետո էլ երկարաձգելու հարց, միայն ասաց՝ ՀՀ-ԵՄ ընդլայնվող հարաբերությունները ներառում են նաև անվտանգության ոլորտը:
«Նախկինում՝ երեք-չորս տարի առաջ, անվտանգությունը երբեք չի եղել Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգում: Հիմա սա միանգամայն սովորական թեմա է Հայաստան-ԵՄ համագործակցության հարթությունում: ԵՄ-ն ևս շատ շահագրգռված է, և մենք քննարկում ենք, թե ինչպես կարելի է աջակցել Հայաստանի անվտանգության բարեփոխմանը», - ասաց Արմեն Գրիգորյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ալիևը քննադատել և հեգնել է ՀՀ-ում տեղակայված ԵՄ-ի դիտորդներին և նրանց գործունեությունը«ԵՄ առաքելությունը պետք է շարունակի կատարել կայունության դերակատարությունը, քանի դեռ դրա կարիքը կա»․ ՀՀ ԱԽ քարտուղարԵՄ դիտորդական առաքելությունը պատրաստ է համագործակցել նաև Ադրբեջանի հետ«ԵՄ առաքելության տեղակայումը ՀՀ տարածքում պայմանական սահմանին սրում է իրավիճակը»․ Ադրբեջանի ԳՇ պետՀայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն անհիմն է որակում կողմնակալության մեղադրանքները