Գուրգեն Արսենյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

Գուրգեն Արսենյան, արխիվ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը պատգամավորական մանդատը վայր է դրել, «Ազատության»-ը փոխանցեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական Մովսես Հարությունյանը:

Նրա խոսքով, Սիմոնյանն արդեն ստացել է դիմում` Գուրգեն Արսենյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին:

Հուլիսի սկզբին ԱԺ խոսնակը հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանում շուտով նոր դեսպան է ունենալու։

Առանց անուն նշելու՝ Սիմոնյանն ասել էր, որ թեկնածությունն արդեն ներկայացված է, սպասում են նշանակմանը։ «Հուսամ, որ շուտով կունենանք նոր դեսպան», - նշել էր ԱԺ խոսնակը։

Մամուլն ավելի վաղ գրել էր այդ պաշտոնում Գուրգեն Արսենյանի թեկնածության մասին։ Դեռ 2023-ի հոկտեմբերի վերջին Արսենյանը հաստատել էր, որ իր թեկնածությունն է ներկայացվել Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնի համար և իր «փաստաթղթերը գտնվում են Ռուսաստանում»։ «Ազատություն»-ն էլ հետաքրքրվել էր արտգործնախարարությունից, թե ե՞րբ է Մոսկվա ուղարկվել Արսենյանի ագրեմանը, ե՞րբ է ետ կանչվել դեսպան Վաղարշակ Հարությունյանը և ռուսական կողմը որևէ բացատրություն ներկայացրե՞լ է, թե ինչո՞ւ այդ ագրեմանը դեռ չի ընդունում։

Արտաքին քաղաքական գերատեսչությունից հարցերին հստակ պատասխան չէին տվել՝ նշելով, որ դեսպանների հավատարմագրման գործընթացը ոչ հանրային բնույթի դիվանագիտական ընթացակարգ է, իսկ արդյունքների ամփոփումից հետո սահմանված կարգով ապահովվում է հանրային իրազեկում։

Վաղարշակ Հարությունյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպանն է 2022-ի հունվարից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը Ռուսաստանում շուտով նոր դեսպան է ունենալու․ Ալեն Սիմոնյան