Ղազախստանի տարածքում կործանվել է Ադրբեջանից Չեչնիա ուղևորվող ինքնաթիռ. ինչ է հայտնի

Ղազախստանի տարածքում այսօր առավոտյան կործանվել է Ադրբեջանից Չեչնիա ուղևորվող մարդատար ինքնաթիռ, որում եղել է 67 մարդ՝ 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ: Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ ինքնաթիռում եղել է ընդհանուր 69 մարդ: Զոհերի ու ողջ մնացածների մասին աղետից ժամեր անց էլ ստույգ տվյալներ դեռ չկան:

Ադրբեջանի գլխավոր դատախազության ներկայացուցիչն ասել է, որ ըստ ամենայնի՝ 32 մարդ ողջ է մնացել ու հիվանդանոց տեղափոխվել։ Նա շեշտել է, որ սա վերջնական տվյալ չէ։

Ղազախստանի փոխվարչապետն էլ հայտարարել է, որ ինքնաթիռի կործանման հետևանքով 38 զոհ կա։

Ինքնաթիռում եղել են Ղազախստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Ղրղըզստանի քաղաքացիներ։ Ուղևորների մեծ մասը, սակայն, Ադրբեջանի քաղաքացիներ են։

Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ուժերի վարչության պետ Կայրաթ Ժանասպաևը մանրամասներ է ներկայացրել վթարից։

«Ժամը 11:00-ին «Ակտաու» օդանավակայանի դիսպետչերը տեղեկություն է ստացել, որ «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռը, որը կատարում էր Բաքու-Գրոզնի չվերթը, հայտարարել է, որ ինքնաթիռում արտակարգ իրավիճակ է և Ակտաու քաղաքում վայրէջքի թույլտվություն է խնդրել», - ներկայացրել է նա:

«Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունն իր հերթին հայտնել է, որ նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռը բախվել է թռչունների երամի, ինչն էլ դարձել է կործանման պատճառը։ Ըստ ղազախական լրատվականների՝ թռչնի հետ բախումից հետո պայթել է ինքնաթիռի թթվածին ապահովող համակարգը, ինչի հետևանքով մարդիկ սկսել են կորցնել գիտակցությունը, և ինքնաթիռի հրամանատարը որոշել է վթարային վայրէջք կատարել այլընտրանքային՝ ղազախական «Ակտաու» օդանավակայանում և արտակարգ վայրէջքի թույլտվություն է խնդրել: Սակայն չի կարողացել հասնել օդանավակայան և կործանվել է մոտ երեք կիլոմետր հեռավորության վրա։ Վթարից հետո ինքնաթիռը մասերի է բաժանվել, պոչի հատվածն անջատվել է և շրջվել։

Վթարի ականատեսներից մեկը պատմել է, որ դեպքի վայրին մոտեցել են ավտոբուսով և սկսել են մարդկանց դուրս բերել ինքնաթիռի պոչի մասից, քանզի դիմացի մասն այրվում էր:

Ալիևն ընդհատել է այցը Սանկտ Պետերբուրգ և վերադարձել է Բաքու

Ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ինքնաթիռը Ռուսաստանի օդային տարածքում է եղել, երբ նրան զեկուցել են ավիավթարի մասին, ինչից հետո անմիջապես ընդհատել է այցը Սանկտ Պետերբուրգ, որտեղ պետք է մասնակցեր ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, և վերադարձել է Բաքու:

Ալիևն այսօր խորհրդակցություն է անցկացրել ու նշել, որ վթարի պատճառներն իրենց հայտնի չեն, թեև տարբեր վարկածներ կան. - «Կարծում եմ՝ դեռ վաղ է դրա մասին խոսելը։ Գործը պետք է ամբողջությամբ հետաքննվի։ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել, և, բնականաբար, Ադրբեջանի հանրությունը պարբերաբար կտեղեկացվի ինչպես հանձնաժողովի աշխատանքի արդյունքների, այնպես էլ քրեական գործի ընթացքի մասին»։

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ ղազախական «Ակտաու» օդանավակայանում ստեղծվել է ուղևորների հարազատների աջակցության կենտրոն։ Բաքվում՝ Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում ևս ստեղծվել է շտաբ՝ տուժածների ընտանիքներին աջակցելու համար։ Տեղում մեծ թվով ոստիկաններ և Արտակարգ իրավիճակների նախարարության և շտապօգնության աշխատակիցներ կան:

Ղազախստանում ավիավթարի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, կառավարությունը հանձնաժողով է ստեղծել վթարի պատճառները հետաքննելու համար։

«Ադրբեջանական ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռը շահագործվում էր 11 տարի:

Ի դեպ, աղետից մի քանի ժամ անց Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին X-ում ցավակցեց նաև Հայաստանի վարչապետը։