Լրտեսության մեջ մեղադրվող Wall Street Journal-ի թղթակից, ԱՄՆ-ի քաղաքացի Էվան Գերշկովիչի դեմ քրեական գործի նյութերը փոխանցվել են Եկատերինբուրգի Սվերդոլվսկի շրջանային դատարան։ Սա Գերշկովիչին առաջադրված մեղադրանքի վերջնական տարբերակն է, հայտարարել է ՌԴ գլխավոր դատախազությունը։
Գերատեսչությունը չի հստակեցրել՝ երբ է մեկնարկելու լրագրողի գործով դատավարությունը։
Ամերիկյան առաջատար թերթի թղթակիցը բանտում է անցյալ տարվա մարտից։ Ըստ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության՝ նա ամերիկյան հատուկ ծառայությունների հանձնարարությամբ տեղեկություններ է հավաքագրել ռուսաստանյան ռազմաարդյունաբերության վերաբերյալ՝ Նիժնի Տագիլում գտնվող «Ուրալվագոնզավոդ» պաշտպանական ձեռնարկության գործունեության մասին:
Լրագրողը մեղքը չի ընդունում՝ պնդելով, որ Ռուսաստանում զբաղվել է բացառապես լրագրողական գործունեությամբ։ The Wall Street Journal-ը նույնպես հերքում է իր թղթակցին վերագրվող մեղադրանքները։ ԱՄՆ իշխանությունները, իրավապաշտպան և լրագրողական միջազգային կազմակերպությունները Մոսկվային կոչ են արել ազատ արձակել Գերշկովիչին։ ԱՄՆ Պետդեպարտամենտը Գերշկովիչին ճանաչում է որպես «անօրինական կերպով ձերբակալված»։