Ֆրանսիայի ընտրություններ. էքզիթ փոլի արդյունքներով՝ առջևում է ձախակողմյան ՆԺՃ դաշինքը

Ֆրանսիա - Նախագահ Էմանյուել Մակրոնը՝ տիկնոջ հետ, քվեարկում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում, Լը Տուկե-Պարի-Պլաժ, 7-ը հուլիսի, 2024թ.

Ֆրանսիայում կիրակի օրն անցկացված խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում, Ipsos Talan կենտրոնի անցկացրած հարցումների համաձայն, առաջատարը ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքն է:

Երկրորդը, ըստ նույն էքզիթ փոլի, նախագահ Էմանյուել Մակրոնի իշխող կոալիցիան է, երրորդը՝ Մարին Լը Պենի և Ժորդան Բարդելայի աջ ծայրահեղական «Ազգային միավորում»-ը:

Ընտրությունների արդյունքների հրապարակումը սպասվում է միայն ժամեր անց:

Ընտրությունների այս փուլով վճռվելու է Ազգային ժողովի 577 տեղերից 501-ի հարցը: Քվեարկությամբ պարզ կդառնա նաև, թե ով է լինելու երկրի հաջորդ վարչապետը:

Հունիսի 30-ին անցկացված առաջին փուլի արդյունքներով՝ առաջատարն էր «Ազգային միավորում»-ը՝ ձայների ավելի քան 33 տոկոսով, երկրորդը՝ «Նոր ժողովրդական ճակատ»-ը՝ 28 տոկոսով։ Մակրոնի կենտրոնամետ կուսակցությունը ստացել էր 20 տոկոս՝ հայտնվելով երրորդ հորիզոնականում։

Առաջին փուլի արդյունքներով խորհրդարանի միայն 76 տեղերի դեպքում էր թեկնածուներին հաջողվել ստանալ ձայների 50 տոկոսից ավելին ու հաղթել հենց առաջին փուլում։

Ֆրանսիայի նախագահն արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակեց անցած ամիս, երբ աջ ծայրահեղականները տպավորիչ հաղթանակ տոնեցին Եվրախորհրդարանի ընտրություններում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ֆրանսիայում ընտրությունների երկրորդ փուլում առջևում է ձախ դաշինքը, Մակրոնի կոալիցիան երկրորդն էԸնտրությունները Ֆրանսիայում. աջ ծայրահեղականները՝ «իշխանության նախամուտքում»