Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ ընդդիմության բողոքի ակցիայի 5 մասնակցի Քննչականը մեղադրանք է ներկայացրել խուլիգանության հոդվածով։ Նրանցից մեկն արդեն կալանավորված է, երկուսն այս պահին ձերբակալված են, ևս երկուսն՝ ազատության մեջ։
Վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն անցած ուրբաթ ԱԳՆ շենքի առջև նախարարի հետ հանդիպում էին պահանջում, իրավիճակը մերթընդմերթ լարվում էր, ի վերջո, կեսօրից հետո բախում եղավ ոստիկանների ու ցուցարարների միջև։ Այդ օրը 28 հոգու ձերբակալեցին, ապա 27-ին երեկ ազատ արձակեցին՝ մեղադրանք չառաջադրելով։
Այսօր արդեն Քննչականը, առանց անուններ տալու, հաղորդեց, որ ակցիայի հինգ մասնակիցներ անտեսել են ոստիկանի օրինական պահանջները, ցուցաբերել են անհարգալից վերաբերմունք, խախտել են հասարակական կարգը։ 5-ից մեկը՝ Գնել Պետրոսյանը ձերբակալվել էր դեռ ուրբաթ՝ զանգվածային անկարգությունների մասնակցելու կասկածանքով, անազատության մեջ անցկացրել 72 ժամ, երեկ ազատ արձակվել և անմիջապես էլի ձերբակալվել` այս անգամ խուլիգանության հոդվածով։
«Եղել է տեսանյութ, որտեղ ոչինչ չի երևում, ընդամենը հաստատվում է, որ մասնակցել է բողոքի գործողությանը, այո, մասնակցել է բողոքի գործողությանը, բայց այն, որ վահանին ոտքով հարվածել է, նախ դա առանձին քննարկման հարց է, թե դա ինչ խուլիգանություն է, էդ հանգամանքը միայն ոստիկանի ցուցմունքով է հաստատվում, տեսանյութ չկա», - ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չնայած տեսանյութերին ու բողոքներին, գեթ մեկ ոստիկանի նկատմամբ քրհետապնդում չի հարուցվելՏարածած կես րոպեանոց տեսանյութում իրավապահները մի քանի ցուցարարի են առանձնացրել: Պնդում են, որ նրանք, իրար փոխլրացնելով, ծխարձակող առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ։ Ցուցարարներից մեկն էլ ոտքով հարվածներ է հասցրել ոստիկանական շարքի ուղղությամբ, դիպել ոստիկանական վահանին, այս ամենի հետևանքով՝ «խախտել են տարածքում գտնվող մարդկանց անդորրը, խափանել հանրային միջոցառումը»։
Այս ակցիայից հետո հայտարարվեց, որ 7 ոստիկան է բուժօգնության դիմել։
Ընդդիմադիրների փաստաբան Ռուբեն Մելիքյանի փոխանցմամբ՝ մեկ ամսով կալանավորված Գնել Պետրոսյանի դեմ ցուցմունք է տվել ոչ թե վահանը կրող ոստիկանը, այլ՝ մեկ ուրիշը։ Փաստաբանը տարակուսում է՝ ինչպե՞ս է մյուս ոստիկանը մտապահել ցուցարարի դեմքը այդ խառնաշփոթում։
«Ինքնին արդեն ոչ շատ միանշանակ է՝ մի հոգու ցուցմունք, ոստիկան, տեսանյութի բացակայություն, նաև շատ կարևոր հարց՝ ոտքով վահանին հարվածելն ավելի վտանգավոր է, քան մարդկանց գլուխը ջարդելն է, այսինքն՝ մեր երկրում շատ ավելի բարձր արժեք է ոստիկանական վահանը, թե՞ մարդկանց, քաղաքացիների գլուխները», - նշեց փաստաբանը:
Բողոքի ակցիաների մեկ ամսվա ընթացքում արդեն 24 մասնակից է մեղադրյալի կարգավիճակ ստացել՝ տարբեր հոդվածներով։ Ընդդիմությունն, իր հերթին, բարձրաձայնում է ոստիկանական բռնությունների մասին:
Ոստիկանների շարքերում այս բողոքներից հետո, սակայն, դեռ մեղադրյալներ չկան։ Հայտնի է միայն, որ 24 ծառայողական քննության ու ուսումնասիրության արդյունքում միայն մեկ ոստիկանի լիազորություն է դադարեցվել, որը մյուս կարմիր բերետավորների հետ անցած երկուշաբթի ծեծել էր դաշնակցական պատգամավորին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դաշնակցական պատգամավորի նկատմամբ բռնության փաստով քրեական գործ է հարուցվել