Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, բացելով «3+3» ձևաչափով Ստամբուլում մեկնարկած արտգործնախարարների հանդիպումը, համոզմունք է հայտնել, որ Հարավային Կովկասի երկրները բոլորից լավ գիտեն տարածաշրջանի խնդիրները և կարող են լուծել դրանք։
Ողջունելով հանդիպմանը մասնակցող Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարներին՝ նա ասել է, որ «3+3» ձևաչափը խորհրդակցական հարթակ է, որը ստեղծվել է Հարավային Կովկասում հարատև խաղաղություն հաստատելու և համագործակցության հնարավորությունները գնահատելու նպատակով։
Նա հիշեցրել է, որ այս մեխանիզմը ստեղծելու գաղափարը ծագել է ղարաբաղյան երկրորդ պատերազմում կրակը դադարեցնելու նոյեմբերի 9-ի հայտարարությունից շաբաթներ անց։ Հարթակի նպատակն է արձագանքել Հարավային Կովկասին սերտորեն առնչվող բոլոր հարցերին, նշել է Թուրքիայի արտգործնախարարը։
Ֆիդանը ափսոսանք է հայտնել, որ Վրաստանը հանդիպմանը չի մասնակցում։
- «3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։
- Վրաստանը վաղուց հայտարարել է՝ այս ֆորմատով չի աշխատում, հայտնել են երկրի արտաքին գործերի նախարարությունից։ Վրաստանը մինչ այս էլ չի մասնակցել հանդիպումներից որևէ մեկին՝ որպես պատճառ մատնանշելով Ռուսաստանի հետ հակասությունները։ Մոսկվան, իր հերթին, հայտարարել է, որ Թբիլիսիի համար «3+3»-ի դուռը բաց է մնում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանն ու Թուրքիան «պայմանավորվել են գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով անցման տեխնիկական պահանջները» ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստամբուլում Միրզոյանի մասնակցությամբ մեկնարկել է «3+3»-ի երրորդ հանդիպումը