FBI-ի ղեկավարը Թրամփի դեմ մահափորձի ուշագրավ մանրամասներ է հայտնել

ԱՄՆ 45-րդ նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը, Բաթլեր, Փենսիլվանիա նահանգ, 13-ը հուլիսի, 2024թ.

Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ, FBI) տնօրեն Քրիսթոֆեր Ռեյը, նախօրեին Կոնգրեսի հանձնաժողովում ներկայացնելով նախկին նախագահ, հանրապետականների նախագահի թեկնածու Դոնալդ Թրամի դեմ մահափորձի հետաքննության ընթացքը, բավականին ուշագրավ մանրամասներ է հայտնել։ Մասնավորապես, 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, ով կրակել էր Թրամփի վրա, մինչ այդ ինտերնետում որոնում էր տվել ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջոն Քենեդիի սպանության վերաբերյալ տեղեկատվությանը ծանոթանալու համար և դա արել է, երբ սկսել է ուշադրությունը կենտրոնացնել հանրապետականների նախագահի թեկնածուի վրա։

«Նոութբուքի ուսումնասիրությունը, որը ըստ հետաքննության պատկանում է կրակողին, ցույց է տվել, որ հուլիսի 6-ին նա Google-ում որոնում է տվել «Օսվալդը որքան հեռու է գտնվել Քենեդիից» հարցով», - ասել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարը Ներկայացուցիչների տան իրավական հարցերով հանձնաժողովի հարցաքննությունում։

Լի Հարվի Օսվալդը ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջոն Քենեդիի դեմ մահափորձ է իրականացրել 1963 թվականի նոյեմբերի 22-ին, Տեքսաս նահանգում։

Կոնգրեսականներին տված Քրիսթոֆեր Ռեյի պարզաբանումներով՝ Քենեդիի սպանության վերաբերյալ ինտերնետում արված որոնումն ակնհայտորեն նշանակալից է, թե ինչ է եղել Թոմաս Քրուքսի մտքին։

Google-ում նա որոնում էր տվել այն նույն օրը, երբ գրանցվել էր Բաթլերում Թրամփի հանրահավաքին մասնակցելու համար։ «Քրուքսը շատ էր կենտրոնացած Թրամփի և նրա հանրահավաքի վրա», - նշել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարը։

Նա ասել է, որ հուլիսի 13-ին Թրամփի հավաքի ընթացքում, մինչ մոտակա շինության տանիք բարձրանալը և կրակոցներ արձակելը, Քրուքսը երկու անգամ այցելել է հանրահավաք։

Կրակոցներից մոտավորապես երկու ժամ առաջ Քրուքսը բեմահարթակից մոտավորապես 180 մետր հեռավորությունից դրոն է բաց թողել և 11 րոպե ուղիղ հեռարձակել Թրամփի խոսքը հավաքի մասնակիցներին։

Կրակոցներ արձակելու պահի մասին Քրիսթոֆեր Ռեյն ասել է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները մոտակա շինության տանիքին Քրուքսին նկատել են կրակոցներ արձակելուց վայրկյաններ առաջ, հավելելով, որ այդ պահին վերաբերող ժամանակային տվյալները հետաքննության ընթացքում հնարավոր է ավելի հստակեցվեն։ «Ամեն ինչ կատարվել է վայրկյանների ընթացքում», - ասել է Ռեյը՝ նաև նշելով, որ Քրուքսի հրացանի խզակոթը ծալովի էր, ինչը բացատրում է, որ մարդկանց համար դժվար էր նկատել այն։

Հետագայում Քրուքսի մեքենայից և տնից հայտնաբերվել են սարքավորումներ՝ նախատեսված հեռվից պայթյուն իրականացնելու համար, իսկ նա իր հետ հաղորդիչ է ունեցել։ Սակայն ՀԴԲ-ն համարում է, որ նա հաջողության չէր հասնի, եթե փորձեր պայթյուն իրականացնել այդ սարքավորումների միջոցով։

20-ամյա Քրուքսի գործողության շարժառիթներն անհայտ են մնում։ Քրիսթոֆեր Ռեյն ասել է, որ շատ մարդիկ նրան բնութագրել են որպես միայնակ անձնավորություն։ Հեռախոսում նա կոնտակտների կարճ ցանկ է ունեցել։

Թոմաս Քրուքսը անվտանգության ծառայության աշխատակիցների կրակից սպանվել է հանրահավաքից ավելի քան 100 մետր հեռավորության վրա գտնող շինության տանիքին, որտեղից վայրկյաններ առաջ կրակ էր բացել։ Մինչ նրան չեզոքացնելը, Քրուքսը հասցրել էր առնվազն 8 կրակոց արձակել, ինչի հետևանքով Թրամփի ականջն է վիրավորվել, հանրահավաքի մասնակիցներից մեկը սպանվել է, երկուսը վիրավորվել են։

Կոնգրեսական հանձնաժողովի լսումներում նաև ուշադրություն է դարձվել նախագահական ընտրապայքարում ավելի աճող լարվածության վրա։

Ներկայացուցիչների տան իրավական հարցերով հանձնաժողովում Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարի հարցաքննությունից մեկ օր առաջ հրաժարական է տվել գաղտնի ծառայության ղեկավար Քիմբերլի Չիթլը։ Հանրապետականների և դեմոկրատների ներկայացուցիչները գաղտնի ծառայությանը քննադատել էին Թրամփի դեմ մահափորձը չկանխելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

FBI-ը հրապարակել է Թրամփի վրա ենթադրյալ կրակողի անունը Կրակոց Թրամփի վրա. Ինչ է հայտնի հուլիսի 14-ի առավոտյան դրությամբ Թրամփի նախընտրական հանդիպմանը կրակոցներ են հնչել, նախկին նախագահին շտապ դուրս են տարել բեմից