Մատչելիության հղումներ

Թրամփի նախընտրական հանդիպմանը կրակոցներ են հնչել, նախկին նախագահին շտապ դուրս են տարել բեմից


Թիկնապահները բեմից դուրս են տանում հանրապետական նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, Փենսիլվանիա, 13 հուլիսի, 2024թ.
Թիկնապահները բեմից դուրս են տանում հանրապետական նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, Փենսիլվանիա, 13 հուլիսի, 2024թ.

Անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Թրամփը «լավ վիճակում է»:

Հուլիսի 13-ին (Հայաստանում՝ արդեն հուլիսի 14-ին) Փենսիլվանիայում՝ Բաթլեր ավանում նախկին հանրապետական նախագահ և 2024 թվականի նախագահության թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական հանդիպման ընթացքում կրակոցներ են հնչել:

Գաղտնի ծառայության գործակալները Դոնալդ Թրամփին դուրս են հանել բեմից, տեսագրությունից երևում է, որ Թրամփի աջ ականջի և այտի շրջանում արյուն է:

Թիկնապահները Թրամփին հասցրել են բեմի մոտ կայանված մեքենա: Այդ ընթացքում նա մի քանի անգամ բարձրացրել է աջ ձեռքը և թափահարել է բռունցքը, ցույց տալով, որ ահաբեկված չէ և մարտական է տրամադրված, նա նաև ինչ-որ բան է վանկարկել:

Քիչ անց բեմ են բարձրացել զինված ոստիկաններ և գաղտնի ծառայության գործակալներ:

Հաղորդվում է, որ ենթադրյալ հանցագործը սպանվել է, զոհվել է նաև նախընտրական հավաքի մասնակիցներից մեկը, ևս մեկը ծանր վիճակում է:

Թրամփին փոխադրել են տեղական հիվանդանոց, որտեղ նա բուժօգնություն է ստացել: Ըստ անվտանգության ծառայության, Թրամփը «լավ վիճակում է»:

Հանրապետական լիդերն ավելի ուշ շնորհակալություն է հայտնել իր թիկնապահններին և աջակիցներին:

Հուլիսի 15-ից 18-ը Միլուոքիում (Վիսքոնսինի նահանգ) գումարվելու է հանրապետականների ազգային համագումաերը, որը Թրամփին ի պաշտոնե պետք է հաստատի ԱՄՆ նախագահության թեկնածու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG