Չորս տարի է՝ տղայի կարոտը Լաուրա Մուսինյանը «Եռաբլուր»-ում է առնում։ Միակ որդին՝ Գևորգը զոհվել է 44-օրյա պատերազմում։
Հենց ծառայելու համար էր Գևորգ Քառյանը Ռուսաստանից Հայաստան տեղափոխվել։ Զորակոչվելուց ամիսներ անց 44-օրյան սկսվել է։ Պատերազմից երկու օր առաջ Կապանի զորամասից Ջաբրայիլ են տարել, որտեղ թեժ էր հենց առաջին օրվանից։
19-ամյա Գևորգ Քառյանը հետախույզ էր։ Զոհվել է պատերազմից 13 օր անց ԱԹՍ-ի հարվածից։ Որդու զոհվելու լուրը ծնողները լրատվամիջոցներում են կարդացել՝ Պաշտպանության նախարարության սև ցուցակում։
Հազարավորները զոհվեցին, Արցախը չկա ու խաղաղության ոչ մի նշույլ, ասում է հուսահատ մայրը, կորստից բացի ոչինչ չկա։
Աննա Մկրտչյանի միակ որդին էլ է 44-օրյա պատերազմում զոհվել։ 100 օր էր մնացել, որ զորացրվեր Հայկազ Մկրտչյանը։ Չորս տարի անց էլ պատերազմի տագնապներ ունի։ Խաղաղության մասին իշխանության խոստումներին, խոսքերին չի վստահում։
«Ես վախենում եմ մի բանից, որ «Եռաբլուր»-ն էլ ավելի է ընդարձակվելու», - ասաց մայրը:
Պատերազմը սկսվելուց օրեր անց Հայկազին Բերդի զորամասից Արցախ են տեղափոխել։ Սկզբում Հադրութ են տարել, որն արդեն, Ադրբեջանին էր անցել, պատմում էր մայրը։ Հետո տեղափոխել են Սարուշեն, որտեղ էլ հոկտեմբերի վերջին ԱԹՍ-ի հարվածից ծանր վիրավորվել է։ Ուղղաթիռով հասցրել են Երևան։ Ծնողները որդուն Մուրացանի հոսպիտալում են գտել՝ նրա 20-ամյակի օրը։
Հայկազը 12 օր պայքարեց, որ ապրի, բայց չստացվեց, հիշում է մայրը։ Սիրտը կանգնել է նոյեմբերի 9-ի գիշերը։ Այդ օրը ստորագրվեց հրադադարի եռակողմ պայմանագիրը։ Դրանից հետո Արցախից ոչինչ չմնաց, ասում է որդեկորույս մայրը, Հայաստանն էլ՝ կրակի սպառնալիքի տակ. - «Արդեն հուսադրող ոչ մի բան վաղուց չեմ տեսնում»:
Պատերազմի տագնապներ հիմա էլ ունի Աննա Մկրտչյանը։ Խաղաղության մասին իշխանության խոստումներին, խոսքերին չի հավատում։ 44-օրյայից հետո էլ չկանգնեց աղետը, ասում է, «Եռաբլուր»-ում էլ տեղ չկա։
Նրան զայրացնում է կառավարության անդամների այցը զոհվածների պանթեոն։ Այսօր վարչապետ Փաշինյանը չկար, Հայաստանում չէ, Իշխանականներն առանց նրա էին եկել։
«Ո՞նց կարող է մարդ, ով նպաստել է «Եռաբլուր»-ի ընդարձակմանը ամեն ինչով ու շարունակում է նպաստել հայրենիքի հանձնմանը, փաստացի դա հայրենիքի հանդեպ դավաճանություն է, չէ՞, ո՞նց կարող է ինքը գալ այստեղ, ոտք դնի», - ասաց նա:
Զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ վերջին երեք տարին բողոքի ակցիա են անում, «Եռաբլուր»-ում լուսացնում, որ վարչապետն ու թիմակիցները, որոնց կառավարման օրոք սկսվեց պատերազմը, զինվորների շիրիմներին չմոտենան։ Այսօր ակցիա չկար։ Կառավարության անդամները առավոտյան եկել ու գնացել էին, վարչապետի, արտգործնախարարության էջերում պատերազմի տարելիցի մասին հայտարարություններ չեղան։
Իսկ «Եռաբլուր»-ն այսօր լեփ-լեցուն էր։ Զոհվածների հարազատների, սրտացավ մարդկանց, հոսքը ժամեր շարունակ չէր դադարում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր Ղարաբաղյան երկրորդ պատերազմի մեկնարկի չորրորդ տարելիցն է