Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը չորեքշաբթի օրը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների հետ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ամերիկյան կողմից հանդիպմանը մասնակցել են Թրամփի ազգային անվտանգության ապագա խորհրդական Մայք Ուոլցը և Քիթ Քելլոգը, ում ընտրված ամերիկացի առաջնորդը ցանկանում է նշանակել Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան, Երմակը ժամանել է ԱՄՆ՝ հանդիպումներ ունենալու, այդ թվում՝ Թրամփի ներկայացուցիչների հետ։
«Գրասենյակի ղեկավարի մակարդակով այս շփումը շատ կարևոր է նոր վարչակազմի ներկայացուցիչների հետ հարաբերություններ հաստատելու համար», - ասել է Սիբիգան մամուլի ասուլիսում։
Թրամփն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է, որ մտադիր է վերջ դնել ուկրաինական հակամարտությանը։ Վլադիմիր Զելենսկին նախկինում բազմիցս խոստովանել է, որ Կիևին ամերիկյան աջակցությունը դադարեցնելու վտանգ կա, եթե Թրամփը վերադառնա Սպիտակ տուն։
Ըստ The Wall Street Journal-ի տեղեկությունների՝ Քիթ Քելլոգը աջակցել է Կիևին զենքի մատակարարմանը, ինչը, նրա կարծիքով, կօգնի Թրամփին ապագայում բանակցություններ վարել: Այնուամենայնիվ, Թրամփի թիմը «քիչ հետաքրքրություն է ցուցաբերել» Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու առաջարկի նկատմամբ, ընդգծել են WSJ աղբյուրները։
Ուկրաինան, իր հերթին, հայտարարել է Ռուսաստանի հետ բանակցելու և համաձայնագիր կնքելու պատրաստակամության մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչի դիմաց և ինչպես է Պուտինը պատրաստ գնալ հրադադարի․ Reuters ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփն ասել է՝ պատերազմն Ուկրաինայում վերջ դնելու ծրագրեր ունի, սակայն դրանք չի բացահայտում