Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով Ռիգայում է՝ Լատվիայի Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հրավերով։
Ըստ հայկական կողմի՝ Սիմոնյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և խնդրել Լատվիայի աջակցությունն Ադրբեջանում պահվող հայ գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում:
Սիմոնյանը Միերինյային հրավիրել է Հայաստան։
Անցած դեկտեմբերին Ադրբեջանն ազատ արձակեց 32 հայ գերիների, Հայաստանը՝ 2 ադրբեջանցիների, որոնցից մեկը դատապարտվել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդին սպանելու համար։
Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրավապաշտպանը բարձրաձայնում է Բաքվում պահվող գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայ գերիների նկատմամբ Բաքվի վերաբերմունքը միջազգային հանրության կողմից պետք է արժանանա պատշաճ գնահատականի․ ՀՀ ՄԻՊ