Երևանը Բաքվին առաջարկել է ԵՄ դիտորդներին հեռացնել սահմանազատված հատվածներից. արձագանքներ

Երևանը Բաքվին առաջարկել է ԵՄ դիտորդներին հեռացնել սահմանազատված հատվածներից: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տրված հարցազրույցում երեկ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ըստ էության հաստատելով խաղաղության պայմանագրի կնքման համար Ադրբեջանի 3 պահանջները, որն օրերս Բաքվից էին գաղտնազերծել:

«Մենք Ադրբեջանին ասել ենք եկեք էդ կարգավորումն անենք սահմանազատված հատվածների նկատմամբ, էն սահմանը, որը սահմանազատված է, օբյեկտիվորեն դիտորդ ունենալու կարիք չկա», - ասել է վարչապետը:

Ըստ Ադրբեջանի կառավարությանը մերձ վերլուծական կենտրոնի՝ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերից երկուսը վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդների դուրս բերմանը և Հայաստանի հետ իրավական վեճերի բացառմանը։

Տարաձայնությունների հիմնական պատճառներից մեկն էլ ՀՀ Սահմանադրություն է, որտեղ Ադրբեջանի իշխանությունները տարածքային պահանջ են տեսնում։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը երկրի ղեկավարի հարցազրույցից մի տպավորություն է ստացել՝ իշխանությունը պատրաստում է հանրությանը՝ Ադրբեջանի կողմից բոլոր պահանջները կատարելով փաստաթղթի ստորագրմանը:

«Եմ դիտորդների տեղակայումն արդեն ստով պարուրված էր: Փաշինյանն ասում էր՝ քանի որ Ադրբեջանում և Արևմուտքում կա մտավախություն, որ Հայաստանն ու Ռուսաստանը պատրաստվում են Ադրբեջանի վրա հարձակում գործել, դիտորդներին տեղակայում ենք, որ Ադրբեջանն այդ մտավախությունը չունենա: Ադրբեջանը նման մտավախություն չի ունեցել», - ասաց Խաչատրյանը:

Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ այլ կարծիք ունի քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը: Նա վստահ է՝ ԵՄ քաղաքացիական դիտորդների Հայաստանում տեղակայելը բազմաշերտ քաղաքական պրոցես է, որի հետնաբեմի գործընթացներից տեղյակ լինելով ու վերլուծելով է, որ կարելի է վերջնական եզրահանգման գալ: Ընդգծում է՝ խաղաղության պայմանագիրը դեռ չի ստորագրվել:

«Եթե խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում, կան խնդիրներ, կան չհամաձայնեցված կետեր, նշանակում է, որ այդքան էլ էնպես չէ, որ Հայաստանը զիջում է կամ ընդունում բոլոր պայմաններ: Ակնհայտ է, իհարկե, որ ելնելով ուժերի հարաբերակցությունից, Հայաստանը փորձում է վարել առավելագույնս չդիմադրելու քաղաքականություն», - ընդգծեց նա:

Բադալյանը շեշտեց՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խախտված է ուժերի բալանսը, ըստ էության, Հայաստան կառուցողական դիրք է ընդունել, որպեսզի կանխի Ադրբեջանի կողմից պայմանագրի չստորագրումը։

Խորհրդարանական ընդդիմության մոտեցումն այլ է՝ Փաշինյանին ընտրություններից առաջ զուտ խաղաղության պայմանագիր է պետք վերընտրվելու համար. - «Ակնկալում է, որ այդ թուղթը կմեծացնի վերարտադրվելու հավանականությունը: Եթե դու այսօր գտնվում ես խոցելի դիրքում, չպետք է գնաս երկարաժամկետ կարգավորումների»:

Նիկոլ Փաշինյանը հարցազրույցի ժամանակ նաև կողմ է արտահայտվել միջազգային դատարանում միմյանց դեմ հայցերը հետ կանչելու գաղափարին, եթե ի վերջո Հայաստանին և Ադրբեջանին հաջողվի հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Պնդեց՝ ինքն իր կողմից ամեն ինչ արել է, որ հայ - ադրբեջանական համաձայնագիրը իրականություն դառնա։

Ավելի մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.