Երևանում հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը՝ նշելով՝ շարժակազմները դուրս են եկել երթուղիներ։
Երևանում ավտոբուսների վարորդները նախօրեին գործադուլ էին անում՝ քաղաքապետարանից պահանջելով կատարել իրենց տրված խոստումը՝ 100-150 հազար դրամով բարձրացնել աշխատավարձերը. սա, ըստ վարորդների, քաղաքային իշխանության նախնական խոստումն էր, սակայն հետո մտափոխվել են ու ժամավճար սահմանել։
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն, իր հերթին, հայտարարեց, որ «մեծ թվով վարորդների կողմից հերթական անգամ առաջ են քաշվում անտրամաբանական պահանջներ, որոնք զուգորդվում են շանտաժի դրսևորումներով»։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ զգուշացրեց՝ «որևէ տեսակի շանտաժի չենք տրվելու, կոմպրոմիսի չենք գնալու։ Կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության»։
Քաղաքային իշխանությունը պնդում է, որ վարորդների գործադուլի ետևում իրենց կողմից սկսած ստվերի դեմ պայքարն է։ Վարորդների գործադուլից մեկ ամիս առաջ քաղաքապետարանն արգելել էր նրանց առձեռն գումար վերցնել ուղևորներից, ընթացքում էլ պարբերաբար ստվերից դուրս եկած միլիոնավոր դրամների մասին էին հայտարարում՝ առանց հստակ նշելու՝ արդյոք այդ գումարները վարորդներն էին գրպանում։
Գործադուլի ընթացքում քաղաքապետարանն անցավ պատժիչ գործողությունների. 18 վարորդ ազատեց աշխատանքից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանում ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. 18-ն ազատվել է աշխատանքից