Այսօր իրականացված գործադուլի հետևանքով 18 վարորդ ազատվել է աշխատանքից, տեղեկացնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Վաղ առավոտից ավտոբուսի վարորդները գործադուլ էին անում՝ աշխատանքային պայմանների բարելավման ու աշխատավարձերի բարձրացման պահանջով։
Երևանի քաղաքապետարանը դժգոհեց՝ վարորդները նախպես չեն ծանուցել գործադուլի մասին, փաստի առաջ են կանգնեցրել առավոտյան աշխատանքի և այլ վայրեր շտապող տասնյակ հազարավոր քաղաքացիներ, մեծ թվով վարորդներ հերթական անգամ առաջ են քաշում «անտրամաբանական պահանջներ, որոնք զուգորդվում են շանտաժի դրսևորումներով»։ Քաղաքապետարանը սպառնաց վարորդների գործողություններին գնահատական տալ աշխատանքային օրենսդրության շրջանակներում, ինչպես նաև դիմել պատկան մարմիններին՝ քրեաիրավական գնահատական տալու նպատակով։
Ավելի ուշ էլ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց՝ «որևէ տեսակի շանտաժի չենք տրվելու, կոմպրոմիսի չենք գնալու։ Կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության»։