Երևանն Անկարայից քաղաքական կամք է ակնկալում. Ռուբինյան

Եթե Թուրքիան քաղաքական կամք դրսևորի, Երևանն ու Անկարան հենց վաղը կունենան կարգավորված հարաբերություններ, ասում է Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը՝ միևնույն ժամանակ ըստ էության չհերքելով, որ գործընթացը տեղից գրեթե չի շարժվում։

«Մեծ առաջընթաց մինչ այս պահը չի երևում, եթե խոսում ենք ավելի զգալի առաջընթացի մասին, և դրա պատճառը հաստատ հայկական կողմի քաղաքական կամքի բացակայության մեջ չէ: Հայկական կողմն ունի այդ քաղաքական կամքն ու մենք պատրաստ ենք հենց վաղն ունենալ հաստատված դիվանագիտական հարաբերություններ, հենց վաղն ունենալ բաց սահմաններ ու հույս ունենք, որ Թուրքիայի կողմից նույնպես նման դիրքորոշում կտեսնենք ու համապատասխան գործողություն: Եթե Թուրքիայի կողմից լինի քաղաքական կամք կամ այն դրսևորվի, մենք կարող ենք հենց վաղն ունենալ լիովին կարգավորված հարաբերություններ», - նշեց Ռուբինյանը:

Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնացների վերջին՝ 5-րդ հանդիպումը հուլիսին էր։ Մոտ 2 տարվա դադարից հետո հայ - թուրքական սահմանին հանդիպած բանագնացները միայն վերահաստատեցին նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ բացել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, առանց նախապայմանի շարունակել խոսակցությունը լիարժեք կարգավորման հասնելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Գնահատել տեխնիկական կարիքները՝ երկաթուղու սահմանային անցակետը գործարկելու համար»․ կայացավ Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը

Չնայած սրան՝ Անկարայից հայ - թուրքական կարգավորումը պարբերաբար կապում են հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։

«Նաև նոր համաձայնությունների ենք եկել, մասնավորապես երկու երկրների դիվանագիտական կամ պաշտոնական անձնագրեր կրողների համար վիզայի ընթացակարգերի հեշտացումը, նաև Անիի պատմական կամուրջի վերականգնման մասին պայմանավորվածություն ունենք և աշխատում ենք դրա տեխնիկական դետալների շուրջ», - ընդգծեց Ռուբինյանը:

Փակ սահմանին հանդիպած բանագնացների վերջին խոսակցությունից հետո էլի անորոշ ժամանակով փակվեց Հայաստանի կողմից վերակառուցված ու կահավորված Մարգարայի անցակետը, պարզ չէ, թե երբ այն կսկսի գործել։

Արևմուտքն իր հերթին պետք է ճնշում գործադրի Էրդողանի վարչակազմի վրա. Փայլան

Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Գարո Փայլանն ափսոսանքով է նկատում, որ Անկարան չհասկացավ հայ-թուրքական սահմանը բացելու կարևորությունը։

«Էրդողանը սրա հաշիվն է անում՝ հիմա ես Պուտինի հետ ընկեր եմ, Ալիևի հետ էլ ընկեր եմ, եթե այս սահմանը բացեմ Ալիևն ու Պուտինը գոհ չեն լինի և Արևմուտքի երկրներից ոչինչ չեմ տեսնի, դրա համար Էրդողանը սպասում է», - նշեց Փայլանը:

Վերջին տարիներին Թուրքիայից ԱՄՆ տեղափոխված Փայլանի խոսքով, Թուրքիայում, անգամ այդ երկրի կառավարությունում կան մարդիկ, որոնք կողմ են սահմանի բացմանը, սակայն դա բավարար չէ, ու Արևմուտքն իր հերթին պետք է ճնշում գործադրի Էրդողանի վարչակազմի վրա։

«Արևմուտքի երկրներն էլ, Ամերիկան ու Եվրամիությունը պետք է մի քիչ ճնշում գործադրեն Թուրքիայի վրա, որ սահմանը բացվի: Եվրամիության երկրների ու Ամերիկայի հարաբերություններն Էրդողանի հետ լավ չեն: Եթե այս հարաբերությունները մի քիչ լավանան և Թուրքիան երեսը արևմուտքի երկրներին դարձնի, հետո արևմուտքի երկրները կարող են պահանջել, Թուրքան խաղաղության ճանապարհը լինի», - ասաց Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավորը:

Թուրքիան շարունակում է գազ ներմուծել գլխավորապես Ռուսաստանից ու Ադրբեջանից, ու Փայլանն առայժմ չի տեսնում նախադրյալներ, որ Անկարան բարելավի հարաբերությունները արևմտյան գործընկերների հետ։

Մինչ այդ այսօր ու վաղը Երևանում ընթացող «Երևանյան երկխոսություն» ֆորումի մասնակցության հրավեր Արտգործնախարարությունն ուղարկել է նաև Անկարա, այնտեղ սակայն, Երևան ժամանած թուրք պաշտոնյայի չհանդիպեցինք։