Ինչու Է հեղեղվում Երևանը. բնապահպանը նաև Գետառի փակումն է պատճառ համարում

Անձրևից հետո փրկարարները պոմպերով ջուրը հեռացնում են գետնանցումներից, 13-ը սեպտեմբերի, 2024թ․

Հորդառատ անձրևից Երևանը չէր հեղեղվի, եթե 17 տարի առաջ մայրաքաղաքով հոսող Գետառը բետոնի տակ չխցկեին, եթե տարիներ շարունակ ծառերը չհատվեին և եթե լայն թափով իրականացվող կառուցապատումներն ավելի չծանրաբեռնեին խորհրդային տարիներից մինչև հիմա շահագործվող և խիստ մաշված հեղեղատար համակարգը․ սա բնապահպան Ինգա Զարաֆյանի համոզմունքն է։

Ինգա Զարաֆյան, արխիվ

Նա բանտարկված Գետառը բացելու քաղաքական կամք առայժմ չի տեսնում: Բնապահպանը պնդում է՝ ջուրն իր ճանապարհը լավ է հիշում, անձրևներից հետո գնում է իր հին հունով, որ Գետառ լցվի, իսկ այն փակ է, հետևաբար ամեն անգամ նույն պատկերն է՝ հեղեղված Երևան։

«Գետառի փակումը, Երևանի համար ահավոր մեծ հարված է։ Մենք արդեն ունենք կատաստրոֆիկ վիճակ, և այդ վիճակը ոչ թե կլավանա, այլ մեկ տարի հետո մենք կունենք շատ ահավորը», - «Ազատության»-ը փոխանցեց բնապահպանը։

2000-աններին Գետառը ծածկվեց բետոնով ու դրա վրա կառուցվեցին ռեստորաններ, վերգետնյա անցումներ, ավտոկայանատեղիներ, հյուրանոցներ ու այլ շինություններ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կյանքը բետոնի տակ կամ թաքուն հոսող Գետառը. ի՞նչ է սպառնում Երևանին ջրհեղեղի դեպքում


Բնապահպաններն ու քաղաքացիական ակտիվիստներն այդ տարիներին բողոքում էին, որ գետն ապօրինի է փակվում:

Գագիկ Բեգլարյան, արխիվ

Նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրամանով ստեղծված հանձնաժողովը եզրակացրել էր՝ անձրևներից հետո քաղաքի հեղեղումները ոչ թե Գետառի փակ լինելու, այլ մայրաքաղաքի ջրատար ցանցի խցանումների հետևանք են:

Մինչև այսօր էլ բնապահպանները նույնն են պնդում՝ հիմնական պատճառը միևնույնն է՝ փակ Գետառն է: Կքանդի՞ արդյոք այս առավարությունը Գետառի վրայի այդ կառույցները, կազատագրվի՞ արդյոք գետը:

Քաղաքապետարանում թեև քննարկումներ կան, որ այն հատվածներում, որտեղ շինություններ չկան, գետառը պետք է բացվի, այդուհանդերձ, բնապահպան Զարաֆյանն այդպիսի հեռանկար առաջիկա մեկ տասնամյակում չի տեսնում։

«Եթե 10 տարուց, կամ 15 տարուց հետո Գետառը բացվի, էլի շատ լավ է», - ասաց Զարաֆյանը։

Որ Երևանի հեղեղատար համակարգն անմխիթար վիճակում է ու մաշված, իշխանությունն էլ է ընդունում՝ վարչապետից մինչև Երևանի քաղաքապետ:

Մայրաքաղաքի հեղեղատար գործող համակարգը, ըստ Քաղաքապետարանի, 200 կմ է, 167-ը պայմանագրով հանձնված է «Վեոլեա ջուր» ընկերությանը: Հորդառատ անձրևներից հետո «Վեոլեա»-ն ու Քաղաքապետարանն իրար վրա են գցում մեղքն ու անելիքները։

Երևանը՝ սեպտեմբերի 13-ի երեկոյան տեղացած հորդառատ անձրևից հետո

Քաղաքապետարանն անգամ Կառավարություն է դիմել՝ «Վեոլեա»-ի հետ պայմանագիրը վերանայելու հարցով: Հետո, սակայն, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասացին, թե խնդիրը մեկին գտնելն ու պատժելը չէ, այլ համագործակցելը:

Ավինյանի խոսքով՝ Քաղաքապետարանը տարեկան մոտ 15 կմ կոյուղի է փոխում։ Բայց Երևանում դեռ 70 կմ կոյուղու փոխարինման խնդիր կա, ավելին, թաղամասեր կան, որ առհասարակ կոյուղի չունեն: Հիմա Քաղաքապետարանն ու Կառավարությունը մի փաթեթ են քննարկում, որով պետք է լուծվի ջրի, անձրևատարերի ու կոյուղու խնդիրը։ Սրա համար, ըստ քաղաքապետի, միլիարդներ են պետք։

Տիգրան Ավինյան, արխիվ

«Վեոլիա» ընկերության ներգրավմամբ պետք է քննարկենք վերջնական լուծումը, թե ով պետք է անի այդ ներդրումները։ Մեր առաջարկած ծրագրով, եթե ամեն ինչ պլանավորվածի նման գնա, հինգ տարում մենք կարողանալու ենք այդ ենթակառուցվածքը և՛ փոխել, և՛ նորը ստեղծել։ Դա կենթադրի, օրինակ, 24-ժամյա ջրամատակարարում Երևանում», - ասաց քաղաքապետը։

Այս պահին, միայն Երևանում շուրջ 360 բազմաբնակարան շենք է կառուցվում, ՀԷՑ-ի տվյալներով էլ՝ այդ նորակառույցներում մինչև մյուս տարի հոսանքի բաժանորդների թիվը 77 հազարով կավելանա։

«Վեոլա ջուր»-Քաղաքապետարան հեռակա մենամարտին զուգահեռ, քաղաքապետարանը նոր շինթույլտվություններ է տալիս՝ բնականաբար, պահանջելով, որ դրանք միանան քաղաքի հեղեղատար ցանցին: Այս պահանջն իրագործելու համար ճարտարապետ Հակոբ Մանսուրյանը վերջերս է մի խնդրի բախվել։

Հակոբ Մանսուրյան

«Տված է եղել՝ միանալ մոտակա անձրևաջրերի հեռացման համակարգին։ Բայց այդ մոտական մի քանի կիլոմետր այն կողմ է եղել։ Կառուցապատողն ասում է՝ |ես այդ ծախսը չեմ անի․ ասֆալտ քանդեմ և այլն\։ Շենքի չափ ծախս պետք է անեինք, էդքան ասֆալտ փորեինք ու էդ գիծը քաշեինք, որ միանայինք էդ ցանցին։ Ցանցն էլ պատկանում է «Վեոլիա ջրին», «Վեոլիա ջուր»-ն էլ ասում է, որ միայն սպասարկումով է զբաղվում, չի ասում, որ՝ «ես պետք է ցանկացած շենքին գիծ մոտեցնեմ»։ Շենքից դուրս է գալիս, փողոց է գնում», - «Ազատության»-ը փոխանցեց ճարտարապետը։

Կառավարությունը մտադիր է «հեղեղումների վտանգների և առաջացման ռիսկերի քարտեզներ» ստեղծել։ Երևանի զարգացման այս տարվա ծրագրում ներառված է նաև ջրագծերի, կոյուղագծերի ու հեղեղատար համակարգի կառուցում/ վերակառուցում:

Մինչև այս ծրագրերը թղթից իրականություն դառնան, քաղաքի հեղեղատար համակարգը թարմացվի, ինչի համար հսկայական ներդրումներ են հարկավոր, ևս մի քանի հորդառատ անձրև ու, ըստ մասնագետների, Երևանում սելավները, բացառված չեն: