«ԵՄ-ն պատրաստ է խզել» Վրաստանի հետ առանց վիզային ռեժիմի ճամփորդելու համաձայնագրերը

Եվրամիության և Վրաստանի դրոշները, Թբիլիսի

Եվրամիությունը (ԵՄ) կարող է քննարկել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի ժամանակավոր չեղարկումը, եթե երկրում գալիք խորհրդարանական ընտրությունները «ազատ և արդար չլինեն», ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին։

Politico-ի հետ զրույցում էլ Եվրահանձնաժողովի խոսնակն ասել է, որ ԵՄ-ն պատրաստ է խզել համաձայնագրերը, որոնք Վրաստանի քաղաքացիներին իրավունք են տալիս ազատ՝ առանց վիզայի, ճանապարհորդել շենգենյան գոտում։ Խոսնակը շեշտել է՝ «բոլոր տարբերակները սեղանին են»՝ «ներառյալ վիզային ռեժիմի ազատականացման հնարավոր ժամանակավոր կասեցումը, եթե իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը շարունակի իր ավտորիտար ուղեգիծը»:

«Որպես ԵՄ-Վրաստան վիզային ռեժիմի ազատականացման երկխոսության և համապատասխան գործողությունների ծրագրի մի մաս՝ Վրաստանը պետք է կատարեր կոնկրետ չափանիշներ, ներառյալ հիմնարար իրավունքների պաշտպանության ապահովումը և խտրականության կանխումը», - ասել է խոսնակը։

Բրյուսելի հետ հարաբերությունները սրվեցին, երբ այս տարվա սկզբին Վրաստանի իշխանությունները դաժանորեն ճնշեցին խաղաղ ցուցարարներին, որոնք բողոքում էին մի օրինագծի դեմ, որը արևմտյան հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին որակում է որպես «օտարերկրյա գործակալ»:

Այս շաբաթ էլ Վրաստանի օրենսդիրները երրորդ և վերջին ընթերցմամբ հաստատել են օրինագծեր, որոնք սահմանափակում են ԼԳԲՏ անձանց իրավունքները։ Հենց հաջորդ օրը սպանվեց երկրում ամենահայտնի տրանսգենդեր կինը՝ 37-ամյա Կեսարիա Աբրամիձեն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց ԼԳԲՏ անձանց իրավունքները սահմանափակող փաթեթը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ն դիտարկում է վիզային սահմանափակումներ և պատժամիջոցներ՝ ի պատասխան «օտարերկրյա գործակալի» մասին օրենքի