ԵՄ-ն կքննարկի Վրաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու և ազատ վիզային ռեժիմը սահմանափակելու հարցերը

Խորհրդարանի շենքի դիմաց, Թբիլիսի, Վրաստան

Պատժամիջոցների ցանկն արդեն պատրաստ է. Կալլաս

Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհուրդը պատրաստվում է քննարկել Վրաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու և ազատ վիզային ռեժիմը սահմանափակելու հարցերը: Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի փոխանցմամբ՝ պատժամիջոցների ցանկն արդեն պատրաստ է, իսկ քննարկումները դեռ շարունակվում են։

«Իհարկե, բոլոր իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Վրաստանում, չեն գնում այն ուղղությամբ, որով պետք է շարժվի ԵՄ թեկնածու երկիրը։ Հետևաբար մենք պատրաստվում ենք քննարկել, թե ինչ հետևանքներ կլինեն վրացական կառավարության համար, որը բռնաճնշումներ է կիրառում ընդդիմության դեմ՝ օգտագործելով տարատեսակ գործիքներ», - ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչը:

Բուդապեշտը դեմ է

Եվրոպական միության ոչ բոլոր անդամներն են, սակայն, մտադիր միանալ պատժամիջոցներին: Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն վրացի պաշտոնակից Մակա Բոչորիշվիլիի հետ զրույցում օրերս հայտարարել է, որ Բուդապեշտը դեմ է վրացի պաշտոնյաների դեմ ցանկացած պատժամիջոց կիրառելու առաջարկին և վետո կկիրառի:

«Եթե ընդդիմությունը հաղթեր ընտրություններում, Բրյուսելը կաղաղակեր Վրաստանում ժողովրդավարության մասին: Նրանք կասեին, որ Վրաստանում ժողովրդավարությունը երբեք այսքան ուժեղ չի եղել, բայց ընտրություններում հաղթեց պահպանողական կուսակցությունը, և նրանք ամեն ինչ անում են դա հերքելու և քաղաքացիների կամքն անտեսելու համար», - ասել է Սիյարտոն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բորել. Թբիլիսի այցելող Օրբանը չի ներկայացնում Եվրամիությունը

Մինչ այդ առանձին երկրներ արդեն սեփական պատժամիջոցներն են սահմանում Թբիլիսիի նկատմամբ։ Երեկ Լիտվայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ վրացի ևս վեց պաշտոնյա է ներառվել իրենց պատժամիջոցների ցուցակում: Կեստուտիս Բուդրիսն X-ում գրել է, որ Էստոնիայի հետ համատեղ ճամփորդական լրացուցիչ սահմանափակումներ կկիրառվեն Վրաստանի արդեն 17 քաղաքական գործչի, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի նկատմամբ:

«Լիտվան կանգնած է Վրաստանի ժողովրդի կողքին` հանուն նրա եվրոպական երազանքի… Մենք չենք հանդուրժի բռնությունն ու ճնշումը խաղաղ ցուցարարների, լրագրողների և ընդդիմության նկատմամբ։ Եկել է ԵՄ մակարդակով համատեղ գործողությունների ժամանակը», - նշել է արտգործնախարարը։

Իշխող կուսակցությունն արձագանքել է Լիտվայի և Էստոնիայի քայլին: «Վրացական երազանք»-ի հայտարարությունում ասվում է, որ Տալլինի և Վիլնյուսի որոշումը «հակավրացական» է, սակայն Վրաստանի կառավարությունը պատասխան միջոցներ չի ձեռնարկի՝ «լիտվացիների և էստոնացիների նկատմամբ հարգանքից ելնելով»։

«Մենք որոշել ենք երկու պետությունների հետ մնալ միակողմանի գործընկերության ռեժիմում, որպեսզի մեր կողմից վտանգ չստեղծենք վրաց, էստոնացի և լիտվացի ժողովուրդների ավանդական բարեկամությանը»,- ասվում է հայտարարությունում:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հեռախոսազրույցի ժամանակ երեկ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան աջակցություն է հայտնել վրաց ժողովրդին իր եվրոպական ձգտումներում: Զուրաբիշվիլին X-ում մանրամասներ է հայտնել հեռախոսազրույցից. «Ես շեշտեցի, որ ճգնաժամից դուրս գալու միակ խաղաղ ճանապարհը քաղաքական է՝ նոր ընտրությունները։ Նրանք ինձ վստահեցրին, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել վրաց ժողովրդին և նրա եվրոպական ապագային»:

Ցույցերը շարունակվում են

Թբիլիսիում արդեն 19 օր շարունակվում են իշխանությունների հրաժարականի պահանջով զանգվածային ցույցերը, որոնք սկսվեցին, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ ժամանակավորապես կասեցվում են Եվրոպական միության հետ անդամակցության բանակցությունները:

Հազարավոր քաղաքացիներ Թբիլիսիի փողոցներում այս օրերին ցույցեր էին անում, որոնք ուղեկցվում են ուժայինների հետ բախումներով։ Տասնյակ մարդիկ են հոսպիտալացվել ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառման հետևանքով: Այս ընթացքում ավելի քան 250 ցուցարար է ձերբակալվել: