Վրաստանում «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կապակցությամբ Եվրոպական միությունը մտադիր է քննարկել այդ երկրի հետ հարաբերություններում բարձրաստիճան պաշտոնյաների երկկողմ այցելություններն արգելելու հարցը:
Այդ մասին հայտնել է Euractiv կայքը, որը հայթայթել է քննարկվելիք առաջարկի նախագիծը:
Դրանում նշվում է, որ բարձրաստիճան պաշտոնյաների այցերը չեղյալ հայտարարելուց բացի, ԵՄ-ն նախատեսում է դադարեցնել երկկողմ հանդիպումներն ու քննարկումները տարբեր վայրերում, ասոցացման համաձայնագրով նախատեսված համատեղ միջոցառումները, կառավարության կողմից ներկայացված ծրագրերի ֆինանսավորումը, ինչպես նաև կասեցնել իրավական ընթացակարգերը։
Միաժամանակ հաղորդվում է, որ օրակարգում է Վրաստանի մի շարք պաշտոնյաների նկատմամբ սահմանափակումների կիրառումը։
Այդ միջոցները կքննարկվեն Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հունիսի 24-ին նախատեսված հավաքում։
«Օտարերկրյա գործակալի» մասին օրենքը Վրաստանի ընդդիմությունն անվանում է նաև «ռուսական օրենք»:
Վրաստանի իրավապաշտպանները և արևմտյան երկրների քաղաքական ղեկավարները Թբիլիսիին բազմիցս հորդորել են հրաժարվել օրենքից, սակայն «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը փաստարկները մերժել է:
Իրավապաշտպանները չեն բացառում, որ՝ ինչպես Ռուսաստանում, Վրաստանում էլ այդ օրենքն իշխանություններին կընձեռի անկախ ՀԿ-ների և ԶԼՄ-ների գործունեությունը խստորեն սահմանափակելու հնարավորություններ:
«Արտասահմանյան ազդեցության թափանցիկության մասին» օրենքով, դրսից 20 և ավելի տոկոսով ֆինանսավորվող ՀԿ-ները պարտավորվում են գրանցվել որպես «օտարերկրյա գործակալներ»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հաջորդ շաբաթ Բրյուսելում քննարկելու են ԵՄ-Վրաստան հարաբերությունները