Եվրամիության և ԱՄՆ-ի որոշումները՝ կապված Վրաստանին պաշտպանական օգնության կասեցման հետ, չեն համապատասխանում վրացական իշխանությունների ակնկալիքներին, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Միաժամանակ Վրաստանի վարչապետն ընդգծել է, որ «վերջին չորս տարիների քաղաքական իրադարձությունների լույսի ներքո այդ հարաբերություններն իսկապես վերանայման կարիք ունեն»։
«Վրացական կողմը, մեր պետությունը, մեր կառավարությունը սկզբից մինչև վերջ պատրաստ են դրան, մենք սպասում ենք հաջորդ քայլերին։ Իհարկե, նման որոշումներն արդյունավետ չեն՝ հարաբերությունների վերբեռնման համար: Հուսով եմ, որ ապագայում պրագմատիկ, ռացիոնալ, ճիշտ և արդար քայլեր կձեռնարկվեն, ինչը կօգնի վերականգնել ԱՄՆ-ի և Վրաստանի հարաբերությունները։ Մենք սկզբից մինչև վերջ պատրաստ ենք դրան», - ասել է Կոբախիձեն։
Բրյուսելն անցած օրերին որոշել է սառեցնել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը, նաև կասեցնել Վրաստանի պաշտպանության նախարարության համար նախատեսված 30 միլիոն եվրոյի հատկացումը։
Մինչ այդ էլ ԱՄՆ-ն չեղարկել է վրաց-ամերիկյան ամենամյա զորավարժությունները։ Պենտագոնը հայտարարել է, որ որոշումը պայմանավորված է «Միացյալ Նահանգների և արևմտյան այլ կառույցների հասցեին կեղծ մեղադրանքներով»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արևմուտքը կյանքի է կոչում Վրաստանին ուղղված զգուշացումները