Եվրամիությանը (ԵՄ) Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին կառավարության դրական եզրակացությունը համահունչ է ԵՄ և անդամ պետությունների հետ փոխգործակցության խորացման դինամիկային և ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին, Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին այսօր ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
ԱԳՆ հաղորդմամբ՝ Միրզոյանը և Գրոնոն խոսել են գործընկերության հետագա ընդլայնման հեռանկարների շուրջ՝ հաշվի առնելով առկա գործիքակազմի միջոցով ընձեռնվող հնարավորությունները: Ի թիվս այլ մեխանիզմների, ընդգծվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության կարևորությունը:
Այսօր հայտնի դարձավ, որ Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը։ Թե արդյոք Միրզոյանն ու Գրոնոն անդրադարձել են այս հարցին, չի հաղորդվում։
Նշվում է, որ Հայաստանի ԱԳ նախարարն ու ԵՄ պաշտոնյան, որ Երևան է ժամանել Բաքվից, քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, եղած մարտահրավերներին և դրանց արդյունավետ հաղթահարման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը:
Ադրբեջանական վերջին օրերի սպառնալիքների և հնարավոր ռազմական գործողությունների կանխատեսումների ֆոնին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հաստատման տեսլականին համահունչ ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում փոխադարձ ընդունելի լուծումների հասնելու և երկարատև կայունություն ապահովելու ուղղությամբ:
ԵՄ հատուկ ներկայացուցչին այսօր ընդունել է նաև ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։ Նրանք անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տեղյակ ենք Հայաստանի կառավարության որոշման մասին և կուսումնասիրենք այն. ԵՄ դեսպան