Կանոնները բյուրեղի նման պարզ են՝ ԵԽԽՎ վերադառնալու համար Ադրբեջանը պետք է առանց որևէ նախապայմանների հետևի ԵԽԽՎ կանոններին, հայտարարել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը։
Ալիևն ասել է, թե Ադրբեջան ԵԽԽՎ պատգամավորների մուտքի արգելքը կվերացվի Վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության իրավունքների վերականգնումից հետո:
«ԵԽԽՎ-ը չի կարող շանտաժի ենթարկվել. պայմանները շատ պարզ են. Ադրբեջանը պետք է պահպանի Խորհրդարանական վեհաժողովի բոլոր կանոններն՝ առանց «եթե» ու «բայց»-ի, քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, իսկ Ադրբեջանը պետք է լիովին համագործակցի Խոշտանգումների դեմ կոմիտեի հետ։ Եվ, իհարկե, մուտքի արգելքներ չպետք է լինեն», - գրել է գերմանացի պատգամավորը X-ի իր էջում։
ԵԽԽՎ-ը հունվարի 24-ին որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները: Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվեց ԵԽԽՎ-ից։
Ֆրանկ Շվաբեն ԵԽԽՎ-ից ադրբեջանական պատգամավորական խմբի վտարման նախաձեռնության հեղինակներից է: Բաքուն օրերս հայտարարեց, որ ԵԽԽՎ-ից ադրբեջանական պատվիրակությանը վտարելուն կողմ քվեարկած պատգամավորներն Ադրբեջանում անցանկալի անձ են հայտարարվել, նրանց մուտքը երկիր կարգելվի, քանի դեռ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության մանդատը չի վերականգնվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ վերադարձի ճանապարհ չկա՝ ոչ հիմա, ոչ էլ հունվարին․ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար