Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն, ով ԵԽԽՎ-ից ադրբեջանական պատգամավորական խմբի վտարման նախաձեռնության հեղինակներից է, դատապարտել է ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան, նախկին քաղբանտարկյալ Անար Մամեդլիի ձերբակալությունը և պնդել, որ ադրբեջանական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում տեղ չունի:
«Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Իլհամ Ալիևին շրջապատող հանցագործ խմբավորումը համարձակվել է բանտարկել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ոլորտում Վացլավ Հավելի անվան մրցանակի դափնեկիր Անար Մամեդլիին։ Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ վերադարձի ճանապարհ չկա՝ ոչ հիմա, ոչ էլ հունվարին», - X-ում գրել է գերմանացի պատգամավորը:
Մամեդլին ձերբակալվել է երեկ, ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն՝ Ալիևի վարչակազմի կոշտ ընդդիմախոսը կասկածվում է ֆինանսական մաքսանենգության մեջ:
«Քրոջ խոսքով՝ խուզարկությունն ավարտելուց հետո ոստիկանները Մամեդլիի բնակարանում թողել են հատուկ ժապավեն, որն օգտագործվում է փող փաթեթավորելու համար։ Նա ենթադրում է, որ ոստիկաններն իրենք են «հայտնաբերված» գումարները բերել, ապա դրանք «գտել», որպեսզի Անարին մեղադրեն մաքսանենգության մեջ»,- իրավապաշտպանի քրոջ հետ զրույցն է մեջբերում «Թուրան» գործակալությունը: