«Եկել ենք այստեղ խաղալու ու հաղթելու». վաղը Վիեննայում «Ռապիդ»-«Նոա» հանդիպումն է

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում վաղը Վիեննայում Երևանի «Նոա»-ն կմրցի տեղի «Ռապիդի» հետ։

Նախախաղային ասուլիսում «Ազատության» հարցին, թե ինչպիսի՞ տրամադրվածություն ունի թիմը և ի՞նչ արդյունք են ակնկալում, կիսապաշտպան Իմրան Ուլադ Օմարը պատասխանեց. - «Բոլորը ուրախ են։ Մենք մեկ թիմ ենք, մեկ ընտանիք։ Խաղի սպասելիքները նույնն են, ինչ բոլոր խաղերին. մենք եկել ենք այստեղ ֆուտբոլ խաղալու և հաղթելու»։

Թիմի գլխավոր մարզիչ Ռուի Մոտան, իր հերթին, «Ազատությանն» ի պատասխան նշեց. - «Մենք շատ լավ մարզավիճակում ենք գտնվում։ Տղաները 100 տոկոսով պատրաստ են խաղին։ Մենք գիտենք, որ «Ռապիդ»-ը շատ բարձրակարգ թիմ է։ Յուրաքանչյուր խաղին մեր նպատակն է ներդնել այն ամենն, ինչ ունենք»։

«Նոա»-ի մուտքը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլ մեկնարկեց հաղթանակով՝ 2:0 հաշվով չեխական «Մլադա Բոլեսլավ»-ի նկատմամբ։ Վաղվա խաղից զատ՝ հայաստանյան ակումբը կհանդիպի նաև Անգլիայի «Չելսի»-ի, կիպրական APOEL-ի, սերբական «Բաչկա Տոպոլա»-ի և իսլանդական «Վիկինգուր»-ի հետ։