Եղեգիսի կալանավորված համայնքապետին առնչվող քրգործն արդեն դատարան է հասել

Մեկուկես ամիս առաջ կալանավորված Եղեգիսի համայնքապետին առնչվող քրեական գործն արդեն դատարան է հասել: Հակակոռուպցիոն քրեական դատարանը կքննի՝ 7 տարի գյուղը ղեկավարող Արթուր Ստեփանյանն արդյոք չարաշահե՞լ է լիազորությունները, պաշտոնեական կեղծիք կատարել ու համայնքին պատկանող խոշոր չափի գույք հափշտակել։ Նրան են վերագրվում այս բոլոր մեղադրանքները:

Ստեփանյանի տեղակալ Ահարոն Գաբրիելյանը, որ այժմ համայնքի ղեկավարի պարտականություններն է կատարում, հաստատեց՝ ենթադրյալ չարաշահումները տեղի են ունեցել երկու տարի առաջ գյուղում կառուցված ոռոգման համակարգի շինարարության ժամանակ: Պետական ու համայնքային միջոցներից մոտ 100 միլիոն դրամով ջրագիծ կառուցելիս նորի փոխարեն հին խողովակներ են անցկացրել։ Բանվորներից մեկն է նկատել ու բողոք ներկայացրել։

Ըստ քրեական գործի՝ մեղադրյալ են նաև ոռոգման համակարգը կառուցած շինարարական ընկերության սեփականատեր Զարզանդ Միքայելյանը, շինարարության մասին դրական եզրակացություն տված փորձագետն ու ևս մեկ հոգի: Նրանց նկատմամբ դատարանը կիրառել է հեռանալու արգելքը:

Ինչպես է եղել, որ 100 միլիոն դրամանոց ջրագիծն անցկացվել, շահագործման է հանձնվել ու միայն երկու տարի անց են դրա վատ որակի մասին տեղեկությունները ջրի երես դուրս եկել: Շինարարությունն իրականացրած «Գիմզա բիլդինգ» ընկերության հեռախոսահամարը ողջ օրն անհասանելի էր: Կապ հաստատել չհաջողվեց:

Համայնքապետի պաշտոնակատար Ահարոն Գաբրիելյանն «Ազատության»-ն ասաց՝ ինքը ջրագծի շահագործումից հետո է աշխատանքի անցել համայնքապետարանում՝ որպես համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, մանրամասներ չգիտի:

Գաբրիելյանի պնդմամբ՝ ենթադրյալ չարաշահումներով կառուցված ցանցը գործում է, ամռանը ջուրն այս խողովակաշարով այգիներ հասել է, չնայած որոշ թերություններ եղել են: Բայց այս տարի էլ նույն ընկերությունը Եղեգիսում ոռոգման ջրի անցկացման մեկ այլ մրցույթում է շահել, դարձյալ սուբվենցիոն ծրագրով:

Համայնքապետին կալանավորելուց օրեր առաջ շինարարությունը դադարեցվել է, բայց Ահարոն Գաբրիելյանն ասում է՝ դադարը կապ չունի քրեական գործի հետ: Ըստ նրա՝ տեխնիկական վերահսկողի լիցենզիայի ժամկետն է ավարտվել: Նոր մրցույթ կանեն, նոր հսկող կգտնեն ու աշխատանքը կվերսկսեն:

Եղեգիսում օրեր առաջ ավագանու նիստ էր: Ավագանու անդամներն այդպես էլ չհետաքրքրվեցին՝ ինչպես է եղել, որ իրենց հաստատած սուբվենցիոն ծրագիրը, որի համար 100 միլիոն դրամ է ծախսվել, պատշաճ չի վերահսկվել։ Հարց չհնչեց՝ արդյոք հաստատված մյուս սուբվենցիոն ծրագրերի դեպքում կասկածներ չկա՞ն: Եղեգիսցի իրավապաշտպան Լուսինե Հախվերդյանն ասում է՝ բոլորը խոսում են այս մասին, բայց կուլիսներում:

Կոռուպցիոն մեղադրանքներով կալանավորված Արթուր Ստեփանյանը 2017-ի նոյեմբերին համայնքապետ է դարձել Հանրապետական կուսակցության առաջադրմամբ, իսկ հինգ տարի անց՝ «Քաղաքացիական պայմանագրի» ընտրական ցուցակով: Այսօր էլ համայնքապետարանի կայքէջում նշված է, որ նա Հանրապետական կուսակցության անդամ է: