Մատչելիության հղումներ

Կալանավորվել է Եղեգիսի համայնքապետ Արթուր Ստեփանյանը


Եղեգիսի համայնքապետ Արթուր Ստեփանյանն օրերս կալանավորվել է խոշոր չափերի վատնում կատարելու և պաշտոնեական կեղծիքի համար, հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Թե ինչ վատնումների ու կեղծիքի մասին է խոսքը՝ ոչ իրավապահները, ոչ էլ համայնքապետարանի պաշտոնյաները չեն հայտնում։

Կալանավորված համայնքապետի տեղակալ Ահարոն Գաբրիելյանն ասաց՝ չգիտի՝ ինչում են մեղադրում իր ղեկավարին, չի էլ ուզում ենթադրել։ Իրենց մոտ խուզարկություններ չեն եղել, որևէ փաստաթուղթ համայնքի ղեկավարին կալանավորելու պատճառների մասին ձեռքի տակ չունեն։

«Էդ բանը ամսի 30-ին է տեղի ունեցել, երեկոյան ժամին, երբ ինքը տանն է եղել», - ասաց Գաբրիելյանը:

«Ազատության» հարցին՝ համայնքապետարանում խուզարկություն չե՞ն արել, Եղեգիսի համայնքապետի տեղակալը պատասխանեց. - «Չէ, տենց բան չի եղել, տանն է եղել, տնից է եղել էդ ամեն ինչը: Կարծում եմ՝ ոչ աշխատանքային ժամին մոտիկ ժամի է եղել, հետո նոր մենք ենք իմացել դրա մասին: Ես որևիցե բանից տեղյակ չեմ, որևիցե փաստաթղթային տվյալ չունեմ»:

Համայնքապետի փաստաբանի հետ կապ հաստատել չհաջողվեց։ Իսկ նրա կալանքի պատճառների մասին խոսում են միայն ավագանու ընդդիմադիր «Ազատական» խմբակցությունում։ Խմբակցության անդամ Քրիստինե Միքայելյանն «Ազատության»-ն ասաց՝ կցկտուր լուրեր ունեն՝ Եղեգիս խոշորացված համայնքի մի քանի գյուղերի համար ոռոգման ջրի անցկացման ծրագրում յուրացումներ են եղել։ Խոսքն ավելի քան 100 միլիոն դրամի մասին է։ Համայնքի ու կառավարության համատեղ միջոցների հաշվին համայնքի մի քանի գյուղերում այգիները ոռոգելու հնարավորություն էին ունենալու։

«Գիտեմ, որ ընդամենը ինչ-որ հին տրուբաներ են նորերի փոխարեն բերել տեղադրել ու ամբողջ խնդիրը դրա մեջ է՝ ինչ-որ գրել են գումար են փոխանցել», - նշեց Քրիստինե Միքայելյանը:

«Ազատության» տեղեկություններով շինարարական կազմակերպության բանվորներից մեկն է իր աչքի տեսածի մասին լուր տվել իրավապահներին, թե նոր խողովակների փոխարեն հինն են օգտագործել ոռոգման ցանցում։

Ստեփանյանի կալանքից օրեր առաջ տեղի ունեցած ավագանու նիստում ընդդիմադիր անդամ Քրիստինե Միքայելյանը խոսել էր համայնքապետարանի չարաշահումների մասին, թե ինչպես անգամ հատուկ ստորաբաժանում են ստեղծել, որպեսզի աշխատակազմի քարտուղարի հարսին աշխատանքի տեղավորեն, ու թե ինչու նորակառույց խաղահրապարակներն անխնամ վիճակում են։ Համայնքապետարանի կայքէջում տեղադրված վատորակ տեսագրության մեջ հազիվ լսելի է ավագանու անդամի ելույթն ու համայնքի ղեկավարի արձագանքը։ «Հակակոռուպցիոն եք ասում, ինչ եք ասում, դիմեք, ինչքան ուզում եք», - ձայնի բարձր տոնով ասում էր համայնքապետ Ստեփանյանը։

«Ինքը վրդովված էր ու պատասխանը հնչում էր էնպես, որ ուր ուզում եք դիմեք, ինչ ուզում եք արեք: Եթե իշխանությունն իրենց ձեռքն է, իրենք ամեն ինչ կարան անեն: Դրանից անցավ 3 օր, իրեն ձերբակալեցին», - պատմեց Միքայելյանը:

Արթուր Ստեփանյանը 12 գյուղ միավորող Եղեգիսի համայնքապետ է 2017-ի նոյեմբերից։ Համայնքապետարանի կայքէջում նշված է, որ Հանրապետական կուսակցության անդամ է։ 2018-ի հեղափոխությունից հետո, սակայն, նա անկուսակցական էր ներկայանում։ 2022-ի տեղական ընտրություններում արդեն վերընտրվել է իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ընտրական ցուցակով։

Դեռ 6 տարի առաջ՝ հեղափոխությունից հետո, համայնքապետի դեմ Եղեգիսում բողոքի ակցիաներ էին, դժգոհում էին, որ իրենց 9 ամսվա համայնքապետը խոշորացված 12 գյուղերում որևէ աշխատանք չի իրականացնում։ Այդ ժամանակ էր, որ բնակիչները հիշատակում էին նաև, որ ոռոգման ջուր չունեն։

Համայնքապետից դժգոհ բնակիչները շաբաթներ շարունակ գիշերում էին համայնքապետարանի մուտքի մոտ՝ աշխատակիցներին թույլ չէին տալիս մտնել շենք։ Երկարատև ակցիաներով այդպես էլ արդյունքի չհասան, 2022-ին Արթուր Ստեփանյանը վերընտրվեց իր պաշտոնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG