Դիլիջանի քաղաքապետը եղբորը համայնքային հողատարածք է օտարել. պնդում է՝ օրենք չի խախտել

Դիլիջանում հարազատ եղբորը համայնքային հողատարածք վաճառած համայնքապետի «թերացման պատճառն օրենքի չիմացությունն է», հենց համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանն է ասել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Կառույցը համայնքապետին տուգանել է 300 հազար դրամով՝ շահերի հնարավոր բախման մասին հանձնաժողովին գրավոր չտեղեկացնելու համար։

Այս տարվա մայիսին Դիլիջանի համայնքապետարանը դեպի Իջևան տանող ճանապարհին գտնվող հողակտորն օտարելու համար աճուրդ է հայտարարել: Աճուրդին միայն ՔՊ-ական համայնքապետի եղբայրը՝ Սասուն Սարգսյանն է մասնակցել, հաղթել է մեկնարկային ամենացածր գնով: Մեկ քառակուսի մետրը 7000 դրամով համայնքապետի եղբորն է անցել 1650 քառակուսի մետր համայնքային հողատարածքը, որ հասարակական կառուցապատման նշանակություն ունի:

Քաղաքապետ Դավիթ Սարգսյանը նաև աճուրդային հանձնաժողովի նախագահն է, աճուրդի արդյունքներով եղբորն անցած հողամասն օտարելու մասին որոշումն անձամբ է ստորագրել: Այսօր «Ազատությանն» ասաց՝ խնդիր չի տեսնում: Չնայած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բացատրել է, թե օրենքից տեղյակ չի եղել, այդ պատճառով է թերացել, բայց շեշտեց՝ երբևէ որևէ օրենք չի խախտել:

«Ես ոչ մի և ոչ մի տեղ օրենքի խախտումներ չունեմ, իսկ ինչը ես ներկայացրել եմ, որ իբր թե տեղյակ չեմ եղել, ես օրենքներից շատ լավ տեղյակ եմ։ Եթե օրենքի խախտում արած լինեի, դրա համար կհասներ քրգործ իմ վրա, ես այսօր ի գործ չէի լինի», - պնդեց նա։

Հանձնաժողովը համայնքի ղեկավարին տուգանելու որոշման մեջ անդրադարձել է, թե որքանով կարող էր իր եղբոր մասին որոշումն ազդել նրա պաշտոնեական պարտավորությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա, ու եզրակացրել, որ պաշտոնյան իր մասնավոր շահի ազդեցությունը չեզոքացնելու համար պետք է ձեռնպահ մնար այդ որոշումների ընդունումից և սահմանված ժամկետում հայտարարություն ներկայացներ հանձնաժողով:

«Մինչդեռ ոչ միայն հանձնաժողով հայտարարություն չի ներկայացրել, այլև, որպես համայնքի ղեկավար, իր լիազորությունների շրջանակում ընդունել է որոշումներ՝ իր հետ փոխկապակցված անձի օգտին՝ այդ կերպ օրենքի իմաստով հայտնվելով շահերի բախման իրավիճակում», - եզրահանգել է պաշտոնյաների բարեվարքությունն ուսումնասիրող հանձնաժողովը։

Օրենք խախտելու համար 300 հազար դրամով տուգանված համայնքապետը չնայած հանձնաժողովի այս եզրակացությանը չի համարում, որ եղբոր օգտին որոշում կայացնելու մեջ սխալ կա. - «Ես աճուրդի հանձնաժողովի նախագահ եմ, աճուրդի ժամանակ տեսել եմ, որ մասնակիցն իմ եղբայրն է։ Իմ եղբայրը բնակվում է առանձին»։

300 հազար դրամ տուգանքից հետո համայնքապետի շահերի բախմամբ այս գործարքին որևէ պետական մարմին չի էլ անդրադառնա: Սա նաև քրեական հետևանքներ չի ունենա:

Դիլիջանի 40-ամյա համայնքապետը 2016-ից ավագանու անդամ է՝ 2021-ին նախ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել, հետո նույն թվականին «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակով ղեկավար ընտրվել: Մարզպետարանի պաշտոնական էջում հրապարակված նրա կենսագրությունում նշված է, որ մինչև քաղաքականություն մտնելը Դավիթ Սարգսյանն անհատ ձեռներեց է եղել:

Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռեպորտաժում.

Your browser doesn’t support HTML5

Դիլիջանի քաղաքապետը եղբորը համայնքային հողատարածք է օտարել. պնդում է՝ օրենք չի խախտել