Դատարանը հունվարին կքննի ԼՀԿ-ի՝ հետընտրական հայցից հրաժարվելու դիմումը

Վանաձորի ավագանուն վերաբերող երկար սպասված դատական նիստը տեղի կունենա հաջորդ ամիս՝ հունվարի 21-ին: Դատարանը կքննի «Լուսավոր Հայաստան»-ի դիմումը, որով կուսակցությունը հրաժարվել է իր երեք տարի առաջ ներկայացրած հայցից:

Այդ հայցով «Լուսավոր»-ը վիճարկել էր 2021-ի դեկտեմբերին տեղի ունեցած տեղական ընտրությունների արդյունքները, որով կուսակցությունը մանդատ չէր ստացել: Դրա հետ հաշտ չէին:

Մինչև այսօր էլ «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդ Էդմոն Մարուքյանը հայտարարում է, որ իրենց առնվազն մեկ մանդատը գողացել են:

Ինչ կորոշի վարչական դատարանը մեկուկես ամիս անց: Դեռ երկու շաբաթ առաջ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ իրենց դիմումի հիման վրա դատարանը պարտավոր է հանել Վանաձորի ավագանու վրա դրված բոլոր արգելքներն, իսկ ավագանին պարտավոր է համայնքի ղեկավար ընտրել, ինչի հնարավորությունը չի ունեցել անցած երեք տարիներին ու համայնքը ղեկավարել է վարչապետի նշանակած ժամանակավոր պաշտոնակատարը:

Ի՞նչ տեղի կունենա վարչական դատարանի որոշումից հետո, երբ նիստերի արգելանքը հանվի։ Արդյոք իշխանությունները Վանաձորում էլ Գյումրիի նման նախնական ընտրությունների՝ փրայմըրիզի կգնան: Վարչապետի խորհրդական, Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը համարում է, որ Գյումրիի ու Վանաձորի իրավիճակները տարբեր են ու որ Վանաձորում հնարավոր է՝ ավագանին իր 33 հոգանոց կազմից համայնքի ղեկավար ընտրի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վանաձորում սպասվում են ընտրություններ». ԼՀԿ-ն դատարան է դիմել ու հրաժարվել հետընտրական հայցից

Բայց այս պահին ավագանիում որևէ քաղաքական ուժ մեծամասնություն չունի: Նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի բանտից ազատվելուց հետո ավագանու որևէ նիստ տեղի չի ունեցել: Պարզ չէ՝ «Մամիկոն Ասլանյան» խմբակցության երկու անդամները, որոնք իրենց առաջնորդի կալանքի տակ եղած ժամանակ դադարեցրել էր բոյկոտն ու մասնակցում էին արտահերթ նիստերին, աջակցում էին իշխանություններին, որ քվորում ապահովեին, ո՞ւմ կողմը կբռնեն։ Նրանցից մեկը՝ Գայանե Քալանթարյանն ասում է՝ դեռ քննարկում չեն ունեցել քաղաքական հարցերով: Չի բացահայտում՝ ինչ դիրքորոշում կունենա, եթե ավագանին համայնքի ղեկավար ընտրելու հարցի առաջ կանգնի: Իսկ վարչապետի խորհրդական, ՔՊ-ական Արամ Խաչատրյանը դեռ կանխատեսումներ չի անում: Հորդորում է սպասել մինչև հունվարի 21-ը, երբ վարչական դատարանը նիստ կանի:

Անցած երեք տարիներին, փորձագետների պնդմամբ, դատարաններն անհիմն ձգձգել են դատական գործընթացներն ու կաթվածահար արել Վանաձորի ՏԻՄ մարմինների աշխատանքը: Այժմ էլ, երբ արդեն հայտնի է, որ շատ շուտով Վանաձորում կարող է ավարտվել ժամանակավոր կառավարումը, ավագանու նիստերի նախաձեռնություն չկա:

Չնայած տարին ավարտվում է, Վանաձորը ոչ գլխավոր հատակագիծ ունի, ոչ հաջորդ տարվա հաստատված բյուջե, ոչ էլ եկող տարվա համար սուբվենցիոն ծրագրեր:

Համայնքապետարանից ասում են՝ մինչև տարեվերջ նիստի նախաձեռնություն կունենան՝ առանց կոնկրետ ժամկետներ նշելու: Մինչդեռ իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը կասկածներ ունի, թե հնարավոր է՝ ժամանակավոր կառավարիչները սաբոտաժի են գնում:

Եթե «Լուսավոր Հայաստան»-ը հետ չվերցներ իր երեք տարվա վաղեմության հայցը, ապա դատարանը Վանաձորի ավագանու հարցին կանդրադառնար հաջորդ տարվա ամռանը: «Լուսավոր»-ի դիմումի հիման վրա այդ նիստը չեղարկել ու հաջորդ ամիս նոր նիստի օր են նշանակել:

Ավելի մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.

Your browser doesn’t support HTML5

Դատարանը հունվարին կքննի ԼՀԿ-ի՝ հետընտրական հայցից հրաժարվելու դիմումը