Վանաձորի համայնքապետարանում անզիջում պայքարը հանրային կապերի և տեղեկատվության բաժնի պետի պաշտոնի համար ավարտվեց ոչ ոքի արդյունքով, ու նոր մրցույթ նշանակվեց։ Մասնակիցներից մեկի՝ Հերմինե Զարմանյանի բողոքն էլ անարդյունք մնաց. այսօր համայնքապետարանից պատասխանել են, թե բողոքն անհիմն է, ու որ նոր մրցույթ են հայտարարել։
Չնայած Զարմանյանը նոր մրցույթին նույնպես կարող է մասնակցել, բայց նաև որոշել է՝ կդիմի դատարան։ Պնդում է՝ մրցույթի ժամանակ իր նկատմամբ խտրական ու անարդարացի վերաբերմունք կար, դժվար հիշելի պատասխաններ ենթադրող հարցեր են եղել, որպեսզի չկարողանա հաղթել մրցույթում։
«Պնդում եմ, որ ինձնից ազատվելու միտում կա, և դա իրականացրին», - «Ազատության»-ն ասաց նա։
Ավելի վաղ իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանն էր դատի տվել Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմին, որն, ըստ նրա, խախտել է թափուր պաշտոնների մրցույթներին մասնակցելու իր իրավունքը։ Իրավապաշտպանը դիմել էր համայնքապետարանի 3, այդ թվում՝ աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոնի մրցույթներին մասնակցելու համար։
Իրավապաշտպանը գործող պաշտոնակատարների միակ մրցակիցն էր բոլոր երեք դեպքերում։ Մրցույթից ընդամենը օրեր առաջ, սակայն, համայնքապետի պաշտոնակատարը փոխեց պաշտոնների բնութագրերն ու հասարակական գործիչներին արգելեց դիմել համայնքապետարանի առաջատար պաշտոնի համար։ Ինչպե՞ս եղավ, որ տարիներ շարունակ գործած կարգը փոխվեց գրչի մեկ հարվածով. Քոթանջյանը դատարան ներկայացրած հայցի մեջ նշել է, թե համայնքապետարանում մի շարք օրենքներ են խախտել, առաջնորդվել անձնական շահերով։
«Ի սկզբանե բոլոր որոշումները, կարծես թե, հարմարեցվում են իրենց», - ասաց Քոթանջյանը։
Աշխատակազմի ղեկավար Հայկ Վիրաբյանը, որ մրցույթի անցկացման ժամանակ պաշտոնակատար էր, ու իրավապաշտպանն իր միակ մրցակիցն էր, «Ազատության»-ն ասել էր՝ պաշտոնի բնութագիրը փոխելիս խախտում չեն արել, պարզապես վրիպակ են շտկել։
Մինչև դատարանը կքննի Գևորգ Քոթանջյանի հայցը, իրավապաշտպանը դիտարկում է համայնքապետարանում տեղի ունեցող մյուս մրցույթները։ Ասում է՝ փորձեց թափուր պաշտոնի մրցույթների մասին համայնքապետարանի հայտարարություններն ավելի հրապարակային դարձնել, որ բոլոր պաշտոնների դեպքում մրցակցություն լինի, անգամ սոցիալական արշավ սկսեց, որ շատ լինեն դիմողները:
«Մենք խոսում ենք ժողովրդավարության մասին, հեղափոխության արժեքների մասին և այլն, բայց այդ բոլոր գաղափարներին հակասում է այն, որ ուղղակի թաքուն, գաղտագողի իրականացնում են մրցույթներ», - նկատեց նա։
Միևնույնն է՝ ֆինանսական, գնումների, ճարտարապետության, սպորտի բաժինների պետերի, ինչպես նաև աշխատակազմի ղեկավարի դեպքում գործող պաշտոնակատարները միայնակ պայքարեցին. առանց մրցակցի հաղթեցին ու առանց դժվարությունների վերանշանակվեցին իրենց նախկին պաշտոններում։
«Ցավոք սրտի, անհատական ուղղակի գրեցին և զանգեցին շատերը, ասացին, որ դիմել են տարբեր ավագանիների և այլն, և իրենց ասել են, որ մեկ է՝ այդ պաշտոններում պետք է նշանակվեն մարդիկ, ում համայնքապետարանն է ցանկանում», - նշեց իրավապաշտպանը։
Համայնքապետարանից հակադարձում են
Վանաձորի համայնքապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Աստղիկ Ավետիքյանը հակադարձում է՝ օրենքի պահանջն է, որ այս հայտարարությունները հրապարակվեն իրենց պաշտոնական էջում, անում են։ Իսկ թե ինչո՞ւ մրցակիցներ չեն լինում, ըստ նրա՝ պահանջներին համապատասխանող թեկնածուներ չկան կամ չեն դիմում։
«Այն պահանջները, այն չափանիշները, որ պիտի բավարարեն, որպես կանոն քիչ են լինում համապատասխանող անձինք, կամ չեն դիմում, կամ արդեն ունենում են աշխատանք, չեմ կարող ասել՝ ինչի հետ է կապված, բայց ցուցիչը նրանից չէ, որ թաքուն է պահվել մրցույթը, դրա համար, ընդհակառակը՝ դա բաց հայտարարված մրցույթ է», - ասաց նա։
Մեկ այլ հարց է՝ արդյո՞ք բողոքների ճանապարհով նպատակին հասնելու դեպքում թեկնածուներն իրենց պաշտոններին կնշանակվեն ու կաշխատեն՝ առանց խնդիրների։ Հերմինե Զարմանյանը, որ նախկինում 6 տարի աշխատել է Վանաձորի համայնքապետարանում ու ազատվել աշխատանքից իր դիմումի համաձայն, ասում է. - «Այս կոլեկտիվում ես աշխատել եմ բավականին երկար տարիներ, և կոլեկտիվն ինձ սիրում և հարգում է, թույլ տվեք անհամեստ գտնվել, ես էլ իրենց եմ սիրում և հարգում։ Համայնքի ղեկավարի մտադրությունները չեմ կարող ասել»։
Զարմանյանն այժմ աշխատում է Սպիտակի համայնքապետարանում։ ՔՊ-ական համայնքապետի մամուլի խոսնակն է։