Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» թանկացման որոշումը. Երևանի քաղաքապետարանը բողոքարկելու է վերաքննիչում

Կարմիր գծերի թանկացումն անհիմն է։ Առաջին ատյանի դատարանն անվավեր է ճանաչել կարմիր գծերի վճարները շեշտակի ավելացնելու քաղաքային իշխանության որոշումը։

Երևանի ավագանու իշխող դաշինքի որոշմամբ տարեսկզբից կենտրոնում կայանատեղին 13 անգամ թանկացավ, տարեկան 12 հազարից 160 հազար դրամ դարձավ։ Ոչ կենտրոնական փողոցներում էլ գները կրկնապատկվեցին։

Ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությունն այս որոշումը փետրվարից բողոքարկում է։ Դատարանը երեկ որոշեց, որ այս ահռելի թանկացումն անհիմն է։ Ստացվում է՝ մարդիկ մեկ տարի է՝ թալանվում են, ասում է «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

Դատարանը մասնակի է բավարարել ընդդիմության հայցը, չնայած անհիմն է համարել կայանատեղին թանկացնելու ավագանու որոշումը, բայց այդ անհիմն որոշման հետևանքով քաղաքացիների վճարած գումարը վերադարձի ենթակա չէ։ Այդ վճարները համայնքային բյուջեում էլ մնալու են։

«Մենք պահանջել էինք որոշման ընդունման պահին անվավեր և ոչ իրավաչափ համարել այդ որոշումը, դա նշանակում է, որ գումարները պետք է վերադարձվեին հետ քաղաքացիներին: Իրենք տվյալ դեպքում ասեն՝ չէ, եկեք այն, ինչ որ եղել է, թող անցնի, բայց այսուհետ այդպիսի թալան չլինի: Այո, իրենք ասում են՝ երբ որ ուժի մեջ մտնի, այդ պահից սկսած արդեն էլ չեք կարողանա էդպես թանկացնել», - ներկայացրեց Թևանյանը:

Քաղաքային իշխանությունը կարմիր գծերի վճարները բարձրացրեց կենտրոնը բեռնաթափելու նպատակով։ Բացի դրանից էլ ի՞նչ հիմնավորում ունի, օրինակ, 13 անգամ վճարը ավելացնելու պարագայում քաղաքապետարանի մատուցած ծառայություններն ավելի՞ ծախսատար են դարձել։ Ներդրումների իմաստով փոփոխություն կա՞։ Ըստ դատարանի՝ այս առումով ապացույցներ քաղաքապետարանը չի ներկայացրել։ Միայն կենտրոնը բեռնաթափելու հիմնավորումն է, որը, ըստ դատարանի, բավարար չէ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բուռն բանավեճերից հետո Երևանի ավագանին ընդունեց կարմիր գծերով կայանատեղիների թանկացման նախագիծըԿարմիր գծերի շեշտակի թանկացումից հետո կենտրոնի նեղ փողոցներում ու բակերում տեղաշարժը հեշտ գործ չէ

«Այս տարի էլ վճարման ենթակա գումարը սահմանվելու է ավագանու առաջիկա նիստով»

Դատարանի որոշումը կարող էր ազդել հաջորդ տարվա վրա ու վճարները նվազեին, եթե քաղաքապետարանը համաձայներ առաջին ատյանի դատարանի որոշման հետ։ Բայց քաղաքապետարանը անհիմն է համարում դատարանի որոշումը և այն բողոքարկելու է Վերաքննիչում, «Ազատության»-ն ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

«Ազատության» հարցին՝ նույն հիմնավորմա՞մբ են վերաքննիչում պայքարելու, փոխքաղաքապետը պատասխանեց. - «Թե ինչ հիմնավորումներ են լինելու, ես կարծում եմ, որ մենք դրանք պետք է շարադրենք վերաքննիչ բողոքում, ոչ թե դրա մասին հրապարակային խոսենք»:

Սուրեն Գրիգորյանն ասաց՝ վճարները չեն վերանայվի, վարորդները կշարունակեն վճարել ինչպես այս տարի։ Ավագանու առաջիկա նիստում կհաստատվի նույն չափը։

Անդրանիկ Թևանյանն արձագանքեց. - «Մենք ուղղակի կռիվ կտանք, սա կլինի ուղղակի լկտիություն իրենց կողմից, որ դատական վճիռը կա, բայց նորից իրենք որոշում են դա անցկացնել: Մենք էդ որոշումն էլ շատ արագացված ռեժիմով կմտցնենք դատարան»:

Բայց դատարանի որոշում կա, որ այդ բարձր դրույքաչափը հիմնավորված չէ։ Մտավախություն չունե՞ն, որ մարդիկ դատարանի որոշմամբ առաջնորդվելով՝ կպահանջեն իրենց վճարած գումարը կամ կհրաժարվեն վճարել բարձր գներով։

«Եթե որոշ քաղաքացիներ պահանջում են գումարը վերադարձնել, նույնքան հիմք ունեին գումարի վերադարձ պահանջել մինչև այս որոշումը, ինչքան էս որոշումից հետո: Առաջին ատյանի դատարանն էլ է դատարան, վերաքննիչ դատարանն էլ դատարան, վճռաբեկ դատարանն էլ է դատարան, ու ըստ էության դատական իշխանության վերջնական խոսքն արտահայտվում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, ոչ թե դրա ատյաններից մեկում բողոքարկման ենթակա դատական ակտով», - ասաց Սուրեն Գրիգորյանը:

Ըստ դատարանի՝ վճարը պետք է սահմանվի՝ բացառապես հիմք ընդունելով մատուցվող ծառայությունների համար անհրաժեշտ ծախսերի չափով փոխհատուցումը, ինչը տվյալ դեպքում որևէ կերպ չի հիմնավորվել։

«Մայր Հայաստանը» ավագանու առաջիկա նիստում էլ կշարունակի պայքարը, որ որոշումը չընդունվի այս տարվա վճարների չափով։ Ընդդիմադիր երկրորդ ուժի՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի առաջնորդած դաշինքի աջակցության դեպքում էլ ձայները բավարար չեն։ Եթե ընդդիմությանը միանա չորրորդ խմբակցությունը՝ «Հանրային ձայնը», այն էլ ողջ կազմով, նաև ավագանու անկախ անդամները, այդ դեպքում հնարավոր է՝ հաջողության հասնեն։