Դատախազությունը Վարդան Ղուկասյանից պահանջում է բռնագանձել անշարժ և շարժական գույքեր 

Գլխավոր դատախազությունը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից պահանջում է բռնագանձել անշարժ և շարժական գույքեր։

Հակակոռուպցիոն դատարանը օգոստոսի 23-ին վարույթ է ընդունել դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը:

Այսպես, Վարդան Ղուկասյանից և նրան փոխկապակցված անձանցից պահանջվում է բռնագանձել «17 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց, 2 իրավաբանական անձանցում մասնակցություն, 4 մլն 496 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, 218 մլն 335 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել»:

Սրան զուգահեռ Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 2003-ից մինչև 2018-ը՝ նախկին քաղաքապետերի՝ Վարդան Ղուկասյանի ու Սամվել Բալասանյանի պաշտոնավարման տարիներին օտարված 24 անուն գույքը համայնքին վերադարձնելու պահանջով վարչական դատարան է դիմել։

  • Ըստ քրեական գործի՝ նախկին քաղաքապետը պաշտոնավարման տարիներին պետությանն ու Գյումրիին պատկանող անշարժ գույքի մի մասը օտարել է ինքն իրեն, մի մասը՝ եղբոր հետ հավասարաչափ բաժնետեր հանդիսացող Ամբերդ ՍՊԸ-ին, իսկ մյուս մասն ուղղակի վաճառքով օտարվել է իր մտերիմներին, և դրանք ի վերջո նվիրատվության տեսքով վերադարձվել են Ղուկասյաններին։ Իրավապահները հենց այստեղ էին տեսել փողերի լվացման հանցակազմ։
  • 2000-ականներին Գյումրին ղեկավարած Ղուկասյանների շահերի պաշտպան Արամայիս Հայրապետյանն ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում պնդել էր, որ մինչև 12 տարի ազատազրկում նախատեսող փողերի լվացման մեղադրանքն ապօրինի է, վաղեմության ժամկետն էլ անցել է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երկու նախկին քաղաքապետերի օրոք օտարված 24 գույքերը Գյումրիին վերադարձնելու պահանջը հասավ դատարան
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարդան Ղուկասյանին մեղսագրվող հանցանքներին երկու նոր դրվագ է ավելացվել

Մանրամասները տե՛ս այստեղ