Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ, պատգամավոր Աշոտ Սիմոնյանի ծեծից ավելի քան երեք շաբաթ անց որևէ ոստիկան մեղադրյալ չկա, ոստիկանական խմբով հարձակումից հետո առայժմ դադարեցված է միայն մեկ կարմիր բերետավորի լիազորություն։
Ի՞նչն են այդքան երկար քննում, երբ համացանցում բազմաթիվ են բռնության դեպքի մանրամասները՝ դերակատարներով, երբ շատ արագ կարող էին նույնականացնել ու հայտնաբերել մեղավորներին, հարցնում է մայիսի 27-ին Դաշնակցության ԳՄ գրասենյակի առջև բռնության ենթարկված պատգամավորը։
«Անկհայտ է մեկ բան՝ երբ կա հստակ տեսաձայնագրություն, երբ բոլոր ոստիկան կոչվածների քայլերն ու գործողությունները ակնհայտ են, և էս պարագայում չկա որևէ մեղադրյալ ներգրավված էս գործում, սա խոսուն ապացույցն է էն մասին, որ էս իշխանությունները հակված չեն արդարադատություն իրականացնելու էս երկրում: Շատ պարզ է, չէ՞», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սիմոնյանը:
Քրեական գործը հարուցվեց դեպքից մի քանի օր անց՝ պաշտոնատար անձի կողմից բռնություն գործադրելու միջոցով ծառայողական լիազորություններն անցնելու կամ չարաշահելու հոդվածով։ Համացանցում տարածված կադրերից երևում է, թե ինչպես են մի քանի տասնյակ կարմիր բերետավորներ քաշքշում, հարվածներ հասցնում պատգամավորին, նրան փորձում բերման ենթարկել։
«Ինձ մեկ անգամ պաշտոնապես ծանուցել են, և ես շատ պարզ իրենց բացատրել եմ, որ «քանի չկա ներգրավված էս գործով մեղադրյալ, ես որևէ մեկնաբանություն տալու ձեզ անհրաժեշտություն չունեմ»՝ էն պարագայում, երբ որ ամբողջ դեպքը տեսաձայնագրված է, հստակ բոլորը շատ պարզ են՝ ով են, ովքեր են, ինչպիսի գործողություններ են իրականացնում», - նշեց Աշոտ Սիմոնյանը:
Ընդդիմադիր պատգամավորը տուժողի կարգավիճակ ունի, հրաժարվել է հարցաքննությունից ու դատաբժշկական փորձաքննությունից։ Սիմոնյանը պատմեց՝ վնասվածքներն արդեն լավացել են, ինքն էլ արդար քննության ակնկալիք չունի։ Պնդեց, որ միջադեպին ոչինչ չէր նախորդել, կարմիր բերետավորները պարզապես տարածքում էին կուտակվել, հետո էլ հարձակվեցին իր վրա։
Մինչդեռ ծեծից ժամեր անց ոստիկանապետը, ըստ էության, խոստովանել էր, որ ոստիկանների բռնության պատճառը նրանց ուղղված պատգամավորի հայհոյանքն է եղել։ Արամ Հովհաննիսյանն ասել էր՝ ծառայողական քննությունն ու վարույթը կպարզի եղելությունը. - «Կտենանք՝ եթե ինչ որ բան է էղե, ինչից ա էղե: Դուք կողմ եք, որ պատգամավորը մեր քրֆի՞ ոստիկանին»:
Պատգամավորը, մինչդեռ, պնդում է՝ թող լավ ուսումնասիրեն տեսանյութն ու պարզեն՝ ով ում է հայհոյել. - «Կհասկանաք՝ ում հայհոյանքը ումից հետո է հնչում, ինչի համար է հայհոյանք հնչում և ոնց է հնչում:
Սիմոնյանի կուսակից Արծվիկ Մինասյանն, իր հերթին, պնդում է՝ ընդդիմադիր շարժման տասնյակ մասնակիցներ կան, որ անցած ամսում տարբեր վնասվածքներ են ստացել հենց ոստիկանական բռնություններից, բայց ոչ մի գործով որևէ ոստիկան չի անցնում։
«Քրեական վարույթ նախաձեռնելու շրջանակներում անգամ քննչական մարմինը քրեական հետապնդում գոնե մեկ անձի նկատմամբ՝ էդ բորենիների նկատմամբ, դրանցից ամենաակնառու երևացող՝ առաջին գոնե 15-20-ը պարզ երևում են՝ ովքեր են, դրանցից գոնե մեկի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցել: Հետո էլ խոսում են արդարության, արդարադատության, իրավունքի գերակայության մասին», - «Ազատությանն» ասաց Մինասյանը:
«Գործ ունենք ընտրողական արդարադատության հետ»
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ընդգծում է՝ հենց պետության պարտավորությունն է ջանքեր գործադրել՝ հաստատելու արդարադատություն։ Բայց, նրա գնահատմամբ, պետությունն անհրաժեշտ ջանքեր չի գործադրում։
«Ակնհայտ գործ ունենք ընտրողական արդարադատության հետ, երբ որ սովորական քաղաքացիների կողմից կատարված գործողությունները, որոնք քրեորեն հետապնդելի են, շատ շուտ և շատ արագ թե՛ քննչական գործողություններ են կատարվում, և նաև մեղադրանք է առաջադրվում, դատապարտվում են, իսկ եթե դա իրականացվում է պաշտոնատար անձի կողմից կամ ոստիկանի կողմից, ապա այդ դեպքերում հապաղում են, մեղմ ասած, եթե չասենք, որ անտեսվում են», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Սաքունցը:
Չնայած իրավապաշտպանների քննադատությանը՝ իշխանությունները մեկ անգամ չեն հայտարարել, որ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքների ժամանակ ոստիկանությունը համաչափ է գործել, այդ թվում՝ հունիսի 12-ին, երբ լուսաձայնային նռնակներ կիրառվեցին՝ վիրավորելով հարյուր մարդու։
Իրավապաշտպանը պնդում է՝ քանի որ քննչական գործողությունները նման դանդաղ ընթացք ունեն, ստացվում է, որ իշխանությունների հայտարարությունները կաշկանդում են իրավապահներին:
«Իշխանությունը՝ պատասխանատու իշխանությունը, չպետք է թույլ տա իրեն և իրավունք չունի նման գնահատական տալու, երբ որ ակնհայտ են փաստերը, որ քաղաքացիները բռնության են ենթարկվել, ակնհայտ են փաստերը, որ հատուկ միջոցներից մարդիկ կան վիրավորված, մարմնական վնասվածքներ ստացած, և առանց քննության արդյունքների նման դիրքորոշում արտահայտել իրավունք չունի», - ասաց Արթուր Սաքունցը:
Իրավապահները դեռևս չեն հայտնում՝ բողոքի ակցիաների ավելի քան մեկ ամսվա ընթացքում քանի՞ քաղաքացի է տուժող ճանաչվել ուժայինների գործողություններից, այդ թվում՝ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում կիրառված հատուկ միջոցներից։ Դեռ հաշվառում են։ Քննչական կոմիտեից միայն հայտնում են, որ ոստիկանական գործողությունները քննող 29 գործ են հարուցել, որոնցից մեկն էլ նախաձեռնել են հունիսի 14-ին՝ քննում են հունիսի 12-ի՝ ցույցը ցրելու, նաև՝ հատուկ միջոցների կիրառման դրվագը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բագրատ սրբազանն ու աջակիցները ՄԻՊ գրասենյակի մոտ պատասխաններ էին պահանջումԴաշնակցական պատգամավորի նկատմամբ բռնության փաստով քրեական գործ է հարուցվելՊատգամավորի հետ միջադեպի առնչությամբ դադարեցվել են ոստիկանի լիազորություններըԸնդդիմադիր պատգամավորի հետ տեղի ունեցած միջադեպով ծառայողական քննություն է նշանակված