Դաղստանում ահաբեկչական հարձակման զոհերի թիվը հասավ 20-ի

Առնվազն 15 ոստիկան է զոհվել կիրակի օրը Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետևանքով։ Մախաչկալայում և Դերբենտում գտնվող սինագոգների և ուղղափառ եկեղեցիների վրա կատարված հարձակումների զոհերի ընդհանուր թիվն, ըստ պաշտոնական աղբյուրների, այս պահին հասել է 20-ի։

Հարձակումները մեկնարկեցին տեղի ժամանակով ժամը 17:50-ին, երբ ահաբեկիչների խմբերից մեկը գրոհեց Դերբենտի կենտրոնում գտնվող Կելե-Նումազ սինագոգը՝ նախ կրակահերթեր արձակելով շենքը հսկող ոստիկանների ուղղությամբ, ապա նաև հրեական կենտրոնի շենքը հրկիզելով բենզինով լի շշերի օգնությամբ։ Րոպեներ անց զինյալների մեկ այլ խումբ հարձակվեց Դերբենտի ռուսական եկեղեցում վրա՝ սպանելով քահանաներից մեկին։ Բառացիորեն տասը րոպե անց հարձակումներ են սկիզբ առել նաև Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում, որտեղ թիրախներ կրկին սինագոգն ու ուղղափառ տաճարն էին։

Ռուսական լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հարձակումների ամենահավանական կազմակերպիչը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տարածաշրջանային ճյուղավորումն է՝ այսպես կոչված «Վիլայաթ Կովկասը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դաղստանում հարձակումների գործի քննությունը փոխանցվել է ՌԴ Քննչական կոմիտեի կենտրոնական գրասենյակ

Ռուսաստանի Քննչական կոմիտեի տեղեկություններով՝ հարձակման անմիջական մասնակիցներից հինգը սպանվել են իրավապահների հետ փոխհրաձգությունների ընթացքում։ Պաշտոնական աղբյուրները, սակայն, չեն հստակեցնում, թե կիրակնօրյա հարձակումներին ընդհանուր առմամբ քանի զինյալ է մասնակցել։ Ահաբեկչական գործողություններից մի քանի ժամ անց հայտնի դարձավ, որ դրանց անմիջական մասնակիցների թվում էին Դաղստանի շրջաններից մեկի՝ Սերգոկալայի վարչակազմի ղեկավար, «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Մագոմեդ Օմարովի որդիներն ու զարմիկը։

«Ինտերֆաքս»-ի տեղեկություններով՝ երեքն էլ զոհվել են ոստիկանների հետ փոխհրաձգության ընթացքում։

Հարձակումներից հաշված ժամեր անց Սերգոկալայի վարչակազմի ղեկավարը ձերբակալվեց, նրան նաև շտապ կարգով հեռացրեցին Ռուսաստանի իշխող կուսակցության շարքերից։ Իրավապահներին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ Օմարվը տեղյակ էր, որ իր որդիներն ու զարմիկը ծայրահեղական հայացքներ ունեն, նրանցից մեկը նույնիսկ ավելի քան մեկ տարի ապրել էր Թուրքիայում, որտեղ էլ և, ըստ քննիչների, հավաքագրվել էր «Իսլամական պետության» կողմից։

Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը ևս անդրադառնում էր հարձակումների արտաքին հետքին՝ չհստակեցնելով սակայն, թե որ երկրի կամ երկրների մասին է խոսքը։

«Մենք իհարկե հասկանում ենք, թե ովքեր են կանգնած այս ահաբեկչական հարձակումների թիկունքում, մենք հասկանում ենք, թե ինչ նպատակներ էին հետապնդում այս հարձակումների հեղինակները։ Քննչական գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չեն հայտնաբերվել [իսլամիստների] առժամանակ չակտիվացված խմբերի բոլոր անդամները, որոնց, իհարկե, նաև արտերկրից են նախապատրաստվել», - հայտարարում է Դաղստանի ղեկավարը։

Դաղստանի ղեկավարն այսօր այցելել է ահաբեկչական գործողությունների թիրախ դարձած եկեղեցիներ և սինագոգներ։ Դերբենտի ավելի քան չորսհազարանոց հրեական համայնքի ներկայացուցիչների խոսքով՝ 2009-ին հիմնանորոգված սինագոգի շենքը այժմ պետք է կրկին՝ զրոյից վերանորոգվի՝ շինությունից միայն արտաքին պատերն են մնացել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նախագահը չի ծրագրում ուղերձով հանդես գալ Սևաստոպոլում և Դերբենտում տեղի ունեցածի առնչությամբ. Պեսկով

Չնայած ողբերգական այս իրադարձություններին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղի ունեցածի առթիվ առանձին ուղերձով դիմելու մտադրություն չունի։ Այս մասին այսօր նշեց Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ սահմանափակվելով երկրի ղեկավարի կողմից դաղստանցիներին փոխանցված ցավակցություններով, որոնք ի դեպ՝ համատեղվել էին Սևաստոպոլի հթրիռակոծության զոհերի հարազատներին ուղղված ցավակցությունների հետ։

«Նախագահը խորապես ցավակցում է բոլոր այն մարդկանց ովքեր կորցրել են իրենց հարազատներին թե՛ Ղրիմում՝ հրթիռային հարվածի հետևանքով, թե՛ Դաղստանում զոհվածների բարեկամներին և մերձավորներին։ Բոլորին էլ օգնություն կտրամադրվի, այժմ բոլոր տուժածներին օգնությունը տրամադրվում է առողջապահական ծառայությունների գծով», - հայտարարում էր Պեսկովը։

Արևմտյան փորձագետներից ոմանց կարծիքով՝ Դաղստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների պատճառներից մեկն այն է, որ այսօր ռուսական իշխանությունների ողջ ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի վրա։

«Ակնհայտ է, որ իշխանավորներն այս հարձակումներից հանկարծակիի եկան՝ չնայած սա ոչ Դաղստանի, ոչ էլ դաշնային իշխանությունների համար նման առաջին դեպքը չէր», - պնդում է Հյուսիսային Կովկասի խնդիրներով զբաղվող փորձագետ Հարոլդ Չեմբերսը։