Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։
«Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է այս ահաբեկչությունը և անընդունելի է համարում բռնության ցանկացած դրսևորում», - իր ուղերձում ասել է Փաշինյանը՝ կարեկցանքի և զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, իսկ բոլոր տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում։
Երեկ երեկոյան Դաղստանում ժամը 18-ի սահմաններում անհայտ անձինք ինքնաձիգներից գնդակոծել են եկեղեցին և սինագոգը, ինչպես նաև կրակել են ոստիկանական ավտոմեքենաների վրա։ Ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 15 ոստիկան: Ռուսաստանում եռօրյա սուգ է հայտարարվել։
Դաղստանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ Պուտինին ցավակցություն են հայտնել նաև ԱՊՀ մի շարք երկրների՝ Ադրբեջանի, Ղրղըզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի ղեկավարներն, ինչպես նաև Իրանի նախագահը և միջազգային կառույցների ղեկավարներ։