Չինաստանի նախագահը պետական այց է կատարել Տաջիկստան

Չինաստանի և Տաջիկստանի նախագահներ Սի Ծինփին և Էմոմալի Ռահմոն, արխիվ

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հինգշաբթի երեկոյան պետական այցով ժամանել է Տաջիկստան։ Դուշանբեի օդանավակայանում նրան դիմավորել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Ավելի քան 1500 երեխաներ էին բերվել օդանավակայան՝ ազգային տարազներով, երգով ու պարով, երկու երկրների դրոշները թափահարելով Չինաստանի նախագահին ողջունելու համար։

Սի Ծինփինը գրավոր հայտարարությամբ նշել է, որ Չինաստանն ու Տաջիկստանը լավ հարևաններ են, լավ ընկերներ և գործընկերներ ու լավ եղբայրներ, որ միմյանց օգնում են, աջակցում, միմյանց վերաբերվում բացարձակ անկեղծությամբ և փոխշահավետ հարաբերություններ ունեն։ Նա նշել է, որ Չինաստանը դարձել է Տաջիկստանի հետ առևտրի երկրորդ խոշոր գործընկերը։

Այսօրվա հանդիպմանը Էմոմալի Ռահմոնն օրինակելի է գնահատել Չինաստան-Տաջիկստան ռազմավարական համագործակցությունը։

Սի Ծինփինը Տաջիկստան է ժամանել Ղազախստանից, որտեղ նույնպես պետական այց կատարեց, ինչպես նաև մասնակցեց Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Չինաստանի նախագահը պետական այցով ժամանել է Ղազախստան Սի Ծինփինը կայցելի Ղազախստան ու Տաջիկստան, կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին