Չեմ տեսնում որևէ մոտիվ, որը կարող է համոզել Ադրբեջանին ստորագրել խաղաղության պայմանագիր. Բենիամին Պողոսյան

«Չեմ կարծում, որ մենք մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Դատելով հրապարակային հայտարարություններից՝ խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասը համաձայնեցված է, արդեն բաց ասվում է, որ երկու դրույթ է մնացել, բայց արդյոք այդ փաստաթուղթը բերելո՞ւ է խաղաղություն:

Պողոսյան. - Ես անկեղծ շատ մեծ կասկածներ ունեմ, որ ընդհանրապես այդ փաստաթուղթը ստորագրվելու է, որպեսզի հետո էլ քննարկենք՝ իսկ ինչ է իր հետ բերելու կամ չի բերելու: Այո, երկու կողմն էլ կարծես բարձր քաղաքական մակարդակով հայտարարեցին այս վերջին օրերին, որ 17 կետից 15-ը համաձայնեցված են, սակայն հայտնի չի, թե այդ երկու չհամաձայնեցված կետերը երբ կամ ինչպես են համաձայնեցվելու: Իսկապես այստեղ խոսքը գնում է ԵՄ դիտորդական առաքելության մասին և նաև Հայաստանի՝ դատական հայցերից հրաժարվելու մասին: Սակայն, բացի բուն պայմանագրից, Ադրբեջանը հստակ ասում է, որ կան նաև մի շարք նախապայմաններ, որոնք խաղաղության պայմանագրից դուրս են, սակայն առանց դրանց բավարարվելու պայմանագրի չի կարող ստորագրվել, և մենք նորից էլի ամենաբարձր մակարդակով բազմիցս արդեն լսում ենք՝ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, պետք է փոխվեն օրենքներ, որ Ադրբեջանը բոլորովին բավարարված չէ 2024-ի սեպտեմբերի 26-ի Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշմամբ, որը, մինչդեռ, ըստ Հայաստանի իշխանությունների, ընդհանրապես բոլոր կասկածները փարատում: Եվ վերջերս մենք տեսանք հակընդդեմ հայտարարություն, երբ Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ. Հայաստանի վարչապետը մի քանի անգամ հայտարարեց, որ չի պարունակում, ընդհակառակը, Ադրբեջանի Սահմանադրությունն է պարունակում: Բացի դրանից, կա նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը. Ադրբեջանը պահանջում է, որ խումբը պետք է լուծարվի, մենք ասում ենք՝ ոչ, և, ինչպես ասում են, մակերևույթից ներքև, բայց բավականաչափ ինտենսիվ առկա է նաև միջանցքի հարցը: Այո, կողմերը համաձայնվել են, որ միջանցքի բացումը կամ հաղորդակցության ապաշրջափակումը չի կարգավորվելու պայմանագրում կամ պայմանագրի ստորագրմամբ, բայց Ադրբեջանը շարունակում է պնդել, որ միջանցքը պետք է բացվի, գուցե այլ փաստաթղթով կամ որևէ այլ իրավական ձևակերպմամբ: Հետևաբար, այս ամբողջ թնջուկը հաշվի առնելով, չեմ կարծում, որ մենք մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Ամենակարևորը հետևյալն է՝ 2023-ի սեպտեմբերից հետո, երբ Արցախ հայաթափվեց, առավել ևս 2024 ի ամառվանից հետո, երբ ռուս խաղաղապահները հեռացան Արցախից, ես չեմ տեսնում որևէ մոտիվ, որը կարող է համոզել կամ հարկադրել Ադրբեջանին ստորագրել խաղաղության պայմանագիր:

Այդ խաղաղության պայմանագիրը Ադրբեջանին որևէ առավելություն չի բերի, իսկ վնասներ կարող է բերել անձամբ գոնե նախագահին և նրա ընտանեկան իշխանությանը: Վերջին հաշվով Ալիևի ընտանեկան իշխանությունը հենվում էր մի քանի լեգիտիմացնող փաստերի վրա. դրանցից մեկը՝ «հավատացեք ինձ և ես հետ կբերեմ Արցախը», երկրորդը տնտեսական բարեկեցությունն էր: Հետևաբար, անկախ նրանից, թե քանի հոդվածն է համաձայնեցվել կամ չի համաձայնեցվել, ես կզարմանամ, եթե առաջիկայում որևէ փաստաթուղթ ստորագրվի, նկատի ունեմ խաղաղության պայմանագիրը:

«Ազատություն». - Այնուամենայնիվ, փորձենք այդ 2 դրույթներին համառոտ անդրադառնալ, մասնավորապես, Եվրամիության դիտորդների դուրսբերման պահանջն ինչու է այդքան ի սկզբունքային Բաքվի համար, հատկապես որը Երևանը առաջարկել է լուծում՝ սահմանը գծված հատվածներից միայն նրանց հեռացնել:

Պողոսյան. - Իմ գնահատմամբ՝ այստեղ ավելի շատ ոչ թե խոսքը սկզբունքային նախապայմանների մասին է, այսինքն, խնդիրն այն չէ, որ Ադրբեջանն իրոք մտահոգություն ունի և Հայաստանին ասում է՝ «փարատիր իմ այս մտահոգությունները՝ Սահմանադրություն, դիտորդներ և այլն, և ես կստորագրեմ պայմանագիր»: Իմ գնահատմամբ՝ մենք այստեղ գործ ունենք ավելի շատ պատրվակներ ի հետ՝ ինչ անել, որպեսզի չստորագրել պայմանագիր: