«Հայաստանի վերազինումը բացասական ազդեցություն է թողնում տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման վրա», - հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նապարար Զաքիր Հասանովը՝ նախօրեին Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Զիյա Ջեմալ Քադըօղլուի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
Ըստ ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության՝ Ադրբեջանի և Թուրքիայի բարձրաստիճան զինվորականները կարևորել են «աշխարհում վերջին շրջանում տեղի ունեցող հակամարտությունների համատեղ վերլուծությունը և ուսումնասիրությունը, պատերազմի ժամանակակից մեթոդները»։
Նախորդ տարի Երևանն ու Փարիզը ստորագրեցին ռազմական մատակարարումների պայմանագիր. հաղորդվեց, որ Ֆրանսիան Երևանին կմատակարարի երեք GM200 ռադարներ, Mistral հրթիռներ: Ֆրանսիական կողմը հայտնել էր, որ Հայաստանին կօգնի նաև Զինված ուժերի բարեփոխումների հարցում, ինչպես նաև կշարունակի պաշտպանության բնագավառում Հայաստանին աջակցությունը։
2022-ի վերջից Ֆրանսիան ու Հնդկաստանը դարձել են Հայաստանի հիմնական գործընկերները։ Զինված ուժերի բարեփոխման, ռազմական կրթության ու մարտական պատրաստության ոլորտում Երևանը գործակցում է նաև Վաշինգտոնի ու Աթենքի հետ։
Բաքուն հայտարարում է, թե «Հայաստանը պետք է հրաժարվի ռազմականացման քաղաքականությունից» սպառնալով՝ «դրան պետք է վերջ տրվի, քանի դեռ ուշ չէ։ Հայաստանը մեկ անգամ չէ հայտարարել, որ «մարտունակ բանակ ունենալն իր ինքնիշխան իրավունքն է»։
Հայաստանի ռազմականացման դեմ դժգոհող Բաքուն ինքն է ընդլայնում իր ռազմատեխնիկական հնարավորությունները։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի վերջին հայտարարեց, թե Ադրբեջանը ռազմական արդյունաբերության ոլորտում նոր համագործակցություններ է հաստատում բազմաթիվ երկրների հետ՝ շեշտելով՝ երկրի պաշտպանունակության ամրապնդումն առաջնահերթություն է։