Բուդապեշտը պատրաստ է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար հարթակ տրամադրել, ֆեյսբուքյան իր էջում գրել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն՝ շեշտելով Հունգարիան միշտ եղել է խաղաղության ջատագովը։
«Կովկասի ժողովուրդը նույնպես պետք է ստանա խաղաղ ապրելու իր իրավունքը, ուստի Բուդապեշտը պատրաստ է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար հարթակ տրամադրել», - գրել է Հունգարիայի արտգործնախարարը, ով Երևանում մասնակցում էր «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին։
Երևանն ու Բաքուն հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի մոտ 80 տոկոսի շուրջ ընդհանուր հայտարարի են եկել։ Երեկ համաժողովի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց խաղաղության պայմանագրի այս պահին համաձայնեցված տեքստը ստորագրելու, չհամաձայնեցված հարցերը ապագային թողնելու պատրաստակամությունը։ Փաշինյանի այս առաջարկը Բաքուն մերժել է։ Ադրբեջանը պայմանագիրը ստորագրելու նախապայման է համարում Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը, Հայաստանն էլ Բաքվի այս պահանջն իր ներքին գործերին միջամտելու փորձ է որակում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը վերահաստատում է խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստն առաջիկայում ստորագրելու պատրաստակամությունըԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն կրկին չի ընդունում Փաշինյանի հայտարարությունները