«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցում թեև Հայաստանը 180 երկրների շարքում 43-րդն է մամուլի ազատության ցուցանիշով ու տարածաշրջանի առաջատարն է, սակայն հեղինակավոր իրավապաշտպան կառույցը մի շարք այլ խնդիրների շարքում ընդգծում է նաև լրատվամիջոցների բևեռված լինելու հանգամանքը։
Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանն ասում է՝ սա քաղաքական ու հասարակական բևեռացման հետևանք է։
«Եվ պարզ է, որ եթե մամուլը կախվածության մեջ է բևեռացված քաղաքական ուժերից, նա էլ դառնում բևեռացված, և դա պատճառ է, որ և՛ ատելության խոսք շատ է հնչում, և՛ ապատեղեկատվություն բավականին շատ կա, որովհետև քաղաքական մանիպուլյացիաները ենթադրում են այնպիսի գործիքների կիրառում, ինչպիսին ապատեղեկատվությունն է և մանիպուլյատիվ քարոզչությունը», - ասաց նա։
Սա Հայաստանի մեդիադաշտի համար նորություն չէ, բայց, ըստ Նավասարդյանի՝ գնալով խորանում է ու տագնապալի դառնում. - «Կարող ենք ասել՝ քաղաքական ուժերը բևեռացված են, բևեռացնում են լրատվամիջոցներին, իսկ լրատվամիջոցները բևեռացնում են նաև ամբողջ հասարակությունը։ Այդ շղթան պետք է ինչ-որ ձևով ընդհատել, և ես կարծում եմ, որ մեդիան է այն օղակը այդ շղթայի, որը պետք է դրանով զբաղվի առաջին հերթին»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում լրագրողները հաճախ ենթարկվում են բռնությունների, ԶԼՄ-ները՝ ճնշումների. «Լրագրողներ առանց սահմանների»Նավասարդյանը շարունակում է՝ քաղաքական ուժերի մեծ մասը իր լրատվամիջոցն ունի, ու լրագրողը հայտնվում է թիրախում՝ մի դեպքում իշխող, մյուս դեպքում ընդդիմադիր ուժերի կողմից։ Վերջին դեպքը իշխանական լրատվամիջոցի լրագրողի նկատմամբ էր, այս դեպքում շատ արագ քրեական վարույթ հարուցվեց, այնինչ ըստ իրավապաշտպանների ու լրագրողական կազմակերպությունների՝ նույնը չի արվում, երբ թիրախում ընդդիմադիր լրագրող է հայտնվում։
Բորիս Նավասարդյանն ասում է՝ լրագրողների շահերի պաշտպանության կոալիցիան փորձում է հաշտեցնողի դեր ստանձնել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔՊ-ի կայքի թղթակցի դեպքից հետո իրավապաշտպանները կոչ են անում մյուս լրագրողներին առնչվող միջադեպերին ևս ընթացք տալ
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցի հեղինակները նկատում են՝ Հայաստանում ընդհանուր առմամբ լրագրողների նկատմամբ բռնությունն անպատիժ է մնում։ Կառույցի գնահատականներով՝ երկրում լրատվամիջոցների մեծ մասը շարունակում է ճնշումների ենթարկվել, մամուլի ազատությունը բավարար չափով չի պաշտպանվում, կառավարությունը տարատեսակ պատրվակներով սահմանափակում է պետական տեղեկատվության հասանելիությունը։
Ինչ վերաբերում է բևեռացմանը, ապա զեկույցում նշվում է, որ բազմաթիվ լրատվամիջոցներ մոտ են իշխանությանը, մյուսները հավատարիմ են մնում նախկին օլիգարխներին, և միայն մի քանիսն են անկախ, դրանց թվում՝ Civilnet-ը, Hetq-ը, Factor-ը և Azatutyun-ը։
Այսօր արդեն՝ Մամուլի ազատության օրը, Լրագրողների շահերի պաշտպանության կոմիտեն մամուլի ազատության մրցանակը շնորհեց «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հեղինե Բունիաթյանին՝ որակյալ լրագրության զարգացմանը նպաստելու համար։ Մրցանակը հանձնեց այն 11 տարի առաջ առաջինը ստացած «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը։
«Որակյալ {լրագրությունն} այն է, որ մարդը ժամեր, օրեր ծախսում է իր նյութը պատրաստելու համար՝ լինի դա հարցազրույց, լինի դա հոդված, տեսաֆիլմ և այլն, և մենք գիտենք, որ Հեղինեն բոլոր իր նյութերը, դրանք աշխատած են լավագույնս՝ բոլոր ստանդարտներին համապատասխան», - նկատեց Արամ Աբրահամյանը։
«Չեմ կարծում, որ ես արել եմ առավելագույնը, ես կարծում եմ, որ դեռ շատ բան ունեմ անելու, և ես շատ հպարտ ու ուրախ եմ, որ իմ մեջքի հետևում ունեմ ֆանտաստիկ լրագրողների մի թիմ։ Մենք շարունակելու ենք, և շատ շնորհակալ կլինեմ՝ եթե հետևեք մեզ, առաջարկեք, քննադատեք», - ասաց Հեղինե Բունիաթյանը։