«Քաղաքացիական պայմանագրին» պատկանող Civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանի մասնակցությամբ միջադեպից երկու օր անց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը երկու ամսով կալանավորվեց:
Քննչական կոմիտեն պնդում է, թե նա բռնության գործադրմամբ խոչընդոտել է լրագրողի մասնագիտական գործունեությունը:
«Հայհոյանքը սկսել է ինքը, որին ես պատասխանել եմ նույն հայհոյանքով ոչ միայն իր, այլ նաև այն մարդկանց հասցեին, ովքեր որ կարող են իմ հետ կապված նման բան հնչեցնել», - «Ազատության»-ը ասաց Civic.am կայքի լրագրող Դավիթ Լևոնյանը։
Վեճի պատճառը Տավուշի թեմի առաջորդ Բագրատ Սրբազանի վերաբերյալ Civic-ի աշխատակցի հայտարարություններն են:
Լևոն Քոչարյանի օգնականը չի հերքում, որ հարվածել է լրագրողին, պնդելով, թե իր համար անընդունելի է եկեղեցուն թիրախավորելը:
«Այո՛, ես նրան մեկ անգամ հարվածել եմ, հարվածել եմ, նա ընկել է գետնին, ես նրան գետնին չեմ խփել, չեմ մոտիկացել, նա ոտքի կանգնեց, սկսեց ինչ-որ բաներ բղավել, բայց ես սանդրանքներին չեմ տրվել, ավել ոչ մի բան չեմ արել, որովհետև առհասարակ այդ մի խփելուն էլ շատ կողմ չէի, բայց, գիտեք ինչ, չգիտեմ ինչպես կորոկեք՝ ճիշտ-սխալ, տեղին-անտեղին, այս կարմիր գծերը, որ անցնում են մարդիկ այսօր, ինձ համար դա շատ ցավոտ է», - հայտարարեց Արթուր Սուքոյանը։
Իր անձնական յութուբյան էջում հրապարակած մոտ 9 րոպեանոց տեսանյութում, որն, ի դեպ, տեղադրվել է նաև «Քաղաքացիական պայմանագրի» կայքում, լրագրողը վիրավորանքներ է հնչեցնում Բագրատ Սրբազանի հասցեին, նրան մեղադրում Կրեմլից ստացած միլիոնավոր դոլարներով Հայաստանի դեմ պատերազմ հրահրելու մեջ:
«Շատ հստակ է չէ՞ ապացույցներ կան այդ ամեն ինչի հետ կապված», - ասում է Դավիթ Լևոնյանը։
Թեև լրագրողը տեսանյութում փաստերից է խոսում, իրավապահները, Դավիթի խոսքով, իր հետ չեն կապվել: Գլխավոր դատախազությունից «Ազատության»-ը փոխանցեցին՝ մինչ այս պահը քրեական վարույթ չկա։
Մինչ այդ Տավուշի թեմը պահանջել էր իրավապահներից կա՛մ քրեական պատասխանատվության կանչել Բագրատ Սրբազանին, կա՛մ՝ լրագրողին՝ սուտ մատնության համար։ Դատախազությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ ընթացք են տվել այս դիմումին և ուղարկել այն ստուգողական գործողությունների:
Իրավապաշտպանները կասկածներ ունեն, որ «այս դեպքում եղել է հանձնարարություն»
Անընդունելի համարելով ցանկացած բռնություն՝ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը միաժամանակ շեշտում է՝ իրավապահները պետք է բոլոր լրագրողներին առնչվող դեպքերով նույն կերպ արձագանքեն:
«Այն արագությունը, որը կիրառվեց այս դեպքում, չի կիրառվում մյուս դեպքերում, բնական է, այստեղ արդեն առաջանում են ողջամիտ կասկածներ, որ այս դեպքում եղել է հանձնարարություն», - ասաց Վարդան Հարությունյանը։
Նույնն է պնդում նաև Սուքոյանի պաշտպանն՝ առաջադրված մեղադրանքը համարելով անհիմն ու քաղաքական:
«Լրագրողների գործունեության նկատմամբ խոչընդոտներ մեր երկրում կան այո՛, բայց դրանք հիմնականում Տավուշում են դրսևորվում», - ասաց Արթուր Սուքոյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։
Ապրիլի 27-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են իրավապահները Տավուշում գետնին տապալելով բերման ենթարկել NewDay-ի օպերատորին: Մինչ այժմ քրեական գործ հարուցված չէ:
5 օր առաջ տեղի ունեցած միջադեպն այսօր դատապարտել են լրագրողական կազմակերպությունները, երբ հայտարարությամբ անդրադարձան Civic.am լրատվական կայքի թղթակից Դավիթ Լևոնյանի նկատմամբ բռնությանը:
Կազմակերպությունները կոչ են անում Լևոն Քոչարյանի Civic-ի լրագրողից ներողություն խնդրել: Ինքը՝պատգամավորը միջադեպին մինչ այս պահը չի արձագանքել: