Երևանյան բնակելի շենքերի հարևանությամբ քանդված բազմահարկի տարածքում այսօր արդեն մաքրման աշխատանքներ էին: «Կամ դեվելոփմենթս» ընկերության և բնակիչների միջև ամիսներ շարունակվող վեճն ավարտվեց ահարկու փլուզմամբ ու փոշու հսկայական ամպով։ Ընդ որում՝ հարակից շենքերի վախեցած բնակիչներն ասում են՝ նույնիսկ տեղյակ չէին երեկվա փլուզման աշխատանքների մասին։
Քանդման պահին նկարահանված տեսանյութերում երևում է՝ դրսում մի քանի մետր հեռավորության վրա մարդիկ են կանգնած, իսկ երթևեկությունն ընթանում է բնականոն հունով։
Հարևան շենքի բնակիչ Նարե Ղուկասյանն «Ազատությանը» պատմեց՝ երկար ժամանակ փոշու ամպ էր գոյացել, իրենց էլ նախօրոք չէին զգուշացրել փլուզման մասին։
«Որևէ ջրցան մեքենա, որևէ շտապօգնության մեքենա չէ եղել, այսինքն որևէ ուղղորդված գործունեության չկար տարածքում: Ինչը, բնականաբար, խուճապ էր առաջացրել բնակիչների մոտ, ինչպես տեսնում եք, 40-50 մետրի վրա են մեր շենքերը», - նշեց բնակիչը։
Այսօր արդեն շինարարական հրապարակում մաքրման աշխատանքներ իրականացնող ընկերության աշխատակիցը հրաժարվեց ներկայանալ, նաև չցանկացավ խոսել տեսախցիկի առջև, բայց պնդեց՝ շենքն այլևս կանգուն չէր կարող մնալ, իսկ հարևանները նախօրոք տեղյակ են եղել քանդման մասին։
Պարույր Սևակ փողոցի բնակիչները հակադարձում են. - «Ես ինքս տանը լինելով հանդերձ ոչ որևէ պաշտոնական ձևով չեմ տեղեկացվել, ոչ էլ նույնիսկ բարձրախոսների միջոցով են հայտնել, որ գոնե էդ պահին տանը եղած մարդիկ կարող էին իմանալ»:
Քաղաքապետարանից ասում են՝ կտուգանեն ընկերությանը
Ինչո՞վ կավարտվի այս պատմությունը. Փլուզված շենքի տարածքում նորը կառուցել պատրաստվող «Կամ դեվելոփմենթ»-ից խոստացան առաջիկայում մեկնաբանություն տալ, իսկ քաղաքապետարանից ասում են՝ կտուգանեն ընկերությանը։ Քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանի փոխանցմամբ՝ քանդումն իրականացվել է խախտմամբ։
«Փաստացի նշված ընկերությունը նախագծից շեղում է իրականացրել, և այս դեպքում, ըստ Երևանի քաղաքապետարանի լիազորությունների շրջանակի, քաղաքապետարանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը վարչարարություն կիրականացնի», - ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակը:
«Կամ դեվելոփմենթս»-ն, ըստ քաղաքապետարանի խոսնակի, կարող է տուգանվել է 750-ից մինչև 1.5 միլիոն դրամով։
Դեռ հուլիսի վերջին բնակիչներն ահազանգել էին՝ շենքի հիմքերը փորում են՝ պայթուցիկ տեղադրելու նպատակով, ի վերջո ընկերություն որոշեց հիմքից միանգամից ապամոնտաժել, որի թույլտվությունն, ըստ քաղաքապետարանի, նույնպես չեն ունեցել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «20 մետրի վրա են մեր շենքերը՝ ինչպես են այդ շենքը պայթեցնելու». Պարույր Սևակ փողոցի բնակիչները մտահոգ են
Նարե Ղուկասյանի խոսքով՝ իրենք ամիսներ շարունակ հետևել են աշխատանքներին, ընկերությունը սկզբում փորձել է մաս-մաս քանդել բազմահարկ շենքը, որին բնակիչները դեմ չեն եղել։ Իրենք մտահոգված էին անվտանգության կանոնների պահպանմամբ ու ուժգին փլուզմամբ, որը գուցե թուլացներ իրենց շենքերի հիմքը։
«Քանդելուց հետո երբ որ բնակիչները կապվել են քաղաքապետարանի հետ և փորձել ճշտել, թե արդյոք իրանք տեղյակ են եղել էս գործընթացից, թե՝ ոչ, քաղաքապետարանից որևէ պատասխան չի եղել, միայն ասել են՝ գրավոր դիմում գրեք, ձեզ անպայման կպատասխանենք», - ասաց Ղուկասյանը:
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն, այսօր տեղում դիտարկելով տարածքը, կարծիք հայտնեց՝ թե՛ պայթեցման, թե՛ ապամոնտաժման դեպքում հարակից շենքերին վնաս չէր հասցվի. - «Էնքան, ինչքան ես էս տարածքը տեսա, ես կողքի շենքերի նկատմամբ վտանգը չեմ տեսնում: Ուրիշ բան է, որ բնակիչները անհանգստացած են փոշու առաջացումից»:
Քանդված շենքի կողքին ևս մեկը կա, որ դեռ պիտի ապամոնտաժվի։ Երեկվա փլուզումից խուճապի մատնված բնակիչները հիմա էլ հարցնում են՝ արդյոք այս մեկն էլ նույն կերպ կքանդեն։
Հեղինակ՝ Սոնա Հովսեփյան