Մատչելիության հղումներ

Երևանում փոշու ամպ բարձրացրած բարձրահարկի քանդումը պիտի հարկ առ հարկ իրականացվեր, ոչ թե ճոպանի միջոցով


Պարույր Սևակ 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շենքի քանդումն իրականացվել է խախտումով և մոնտաժումն իրականացրած ընկերությունը կտուգանվի, «Ազատությանը» փոխանցեց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն՝ արձագանքելով համացանցում այսօր մեծ աղմուկ բարձրացրած բազմահարկ շենքի քանդմանը։

Հայկ Կոստանյանը տեղեկացրեց, որ նշված շենքի սեփանակատերը քաղաքապետարանից ունեցել է քանդման թույտվություն, բայց համաձայն հաստատված նախագծի, շենքի քանդումը պետք է իրականացվեր հարկ առ հարկ, այսինքն տեխնիկայի գործադրմամբ հերթով հարկերը պետք է ապամոնտաժվեին։ Քանդման այդ տարբերակn, ըստ Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղարի, թույլ կտար խուսափել և փոշու ամպից, նաև քաղաքացիների անվտանգության հետ կապված խնդիրներ չէին առաջանա։ Մինչդեռ բազմահարկ շենքը քանդվել է ճոպանների միջոցով, ինչի հետևանքով առաջացել է մեծ փոշու ամպ։

Համացանցում տարածված տեսանյութերում նաև երևում է, որ քանդվող շենքի տարածքում քաղաքացիներ կան։

«Փաստացի նշված ընկերությունը նախագծից շեղում է իրականացրել, և այս դեպքում Երևանի քաղաքապետարանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը վարչարարություն կիրականացնի և կտուգանի նշված ընկերությանը։ Տուգանքի չափը 750 հազարից մեկուկես միլիոն դրամ է», - ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակը:

Հայկ Կոստանյանը նաև նշեց, որ ինքը որպես Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար, նախապես տեղյակ չի եղել, որ բազմահարկ շենքի սեփականատերն այսօր է քանդելու շենքը։ Տեղի ունեցածի մասին տեղեկացել է համացանցից։

Քանդված շենքի հարևանությամբ բնակվող քաղաքացիներից մեկը «Ազատությանը» պատմեց, որ առանց հարակից շենքերի բնակիչներին զգուշացնելու, առանց փողոց փակելու քանդել են բազմահարկ շենքը։

«3 ամիս շարունակ հնարավոր բոլոր ատյաններով բողոքեցինք, մեզ թվաց հասանք նրանք, որ չեն քանդի, չեն պայթեցնի, բայց առանց զգուշացնելու, առանց փողոց փակելու, լիքը մարդիկ երեխաների հետ տանն են եղել, դուք պատկերացրեք էդ գմփոցը, էդ փոշու ամպը... ահավոր է, կիլոմետրերով փոշի ու կեղտ է լցվել... Պատկերացրեք մեր բոլորի ապրումներն ու զգացողությունը, դու քո քաղաքում ոչ մի բանի տերը չես», - ասաց բնակիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG