Գրեթե ամբողջ բնակչությունը լքել է սահմանային Կրասնոյարուժսկի շրջանը, այսօր առավոտյան հայտնել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Ավելի քան 11 հազար մարդ է տարհանվել։ Մոտ հազար մարդ գտնվում է ժամանակավոր կացարաններում», - ասել է Գլադկովը։
BBC-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով 2021-ի մարդահամարի տվյալները, նշում է, որ շրջանը 14 հազարից մի փոքր ավելի բնակչություն ունի։
Բելգորոդի մարզի նահանգապետը երեկ հայտարարել էր, որ Կրասնոյարուժսկի շրջանի բնակչությունը տարհանվում է՝ նշելով, որ «անհանգիստ առավոտ է, սահմանին թշնամին ակտիվացել է»։ Ավելի ուշ քաղաքի մուտքերը փակվել են։
Շրջանի ղեկավար Անդրեյ Միսկովն էլ Տելեգրամում գրել է, որ, տարածքում մոտ 500 մարդ է մնացել՝ հիմնականում վարչակազմի աշխատակիցներ, այլ անհրաժեշտ մասնագետներ։
Կրասնոյարուժսկի շրջանը Կուրսկի շրջանի Սուջա քաղաքից մոտ 45 կիլոմետր է հեռու, որտեղ օգոստոսի 6-ին մտել են ուկրաինացի զինվորականները։
Շրջանի արևմտյան կողմում Ուկրաինայի սահմանն է, իսկ հյուսիսային կողմում՝ Կուրսկի մարզի Բելովսկի շրջանը։ Հաղորդվեց, որ օգոստոսի լույս 11-ի գիշերը ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խումբը մտել է Բելովսկի շրջան։ Ավելի ուշ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց՝ Բելովսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի կողմից իրականացված ներխուժման փորձը կասեցվել է։
Օգոստոսի 9-ից Ուկրաինային սահմանակից Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի շրջաններում հակաահաբեկչական գործողության ռեժիմ սահմանվեց։
Երեկ՝ ուկրաինական ներխուժման 7-րդ օրը, ռուսական կողմը թվեր հրապարակեց՝ խոստովանելով, որ ուկրաինական բանակը լուրջ խնդիրներ է առաջացրել գերտերության համար․ ռուսական 28 բնակավայր՝ ուկրաինական վերահսկողության տակ է, 120 հազարից ավելի մարդ՝ տեղահանված։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ անվտանգության ուժերի ղեկավարների հետ հերթական հանդիպումն է անցկացրել: «Թշնամին անպայման արժանի արձագանք կստանա, և մենք անկասկած կհասնենք մեր նպատակներին», - վստահեցրել է Վլադիմիր Պուտինը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, թե Կիևը գնացել է այդ քայլին Մոսկվայի վրա ճնշում գործադրելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինացի զինծառայողները Սուջայի կենտրոնից տեսանյութ են հրապարակել