ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և արժանապատիվ խաղաղության կարևորությունը, փոխանցել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:
Հինգշաբթի օրը կայացած հեռախոսազրույցի մասին Միլլերը հայտնել է նաև, որ Բլինքենը ողջունել է «կողմերի միջև առաջընթացը վերջին շրջանում, այդ թվում՝ սահմանազատման կանոնակարգի շուրջ համաձայնությունը»:
Զրուցակիցները քննարկել են նաև ԱՄՆ-Հայաստան ընդլայնվող հարաբերությունները, ներառյալ՝ էներգետիկայի, առևտրի, ներդրումների և կրթության ոլորտներում, ասված է Վաշինգտոնի հաղորդագրությունում:
«Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը բարգավաճ, ժողովրդավարական և անկախ Հայաստանին աջակցելու շարունակական ջանքերին՝ ի շահ Հայաստանի ժողովրդի և ավելի լայն Կովկասյան տարածաշրջանի», - ասված է հաղորդագրությունում:
Հեռախոսազրույցի մասին հինգշաբթի երեկոյան հաղորդել էր միայն հայկական կողմը՝ մանրամասներ չհրապարակելով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը և Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը