Բիձինա Իվանիշվիլին նախագահի թեկնածու է առաջադրում Միխեիլ Կավելաշվիլիին

Միխեիլ Կավելաշվիլի, արխիվ

Վրաստանի իշխող ուժի՝ «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին նախագահի պաշտոնի համար առաջադրել է նախին ֆուտբոլիստ, «Վրացական երազանք»-ի արբանյակ, հակաարևմտյան «Ժողովրդի ուժը» կուսակցության հիմնադիր Միխեիլ Կավելաշվիլիի թեկնածությունը։

Միխեիլ Կավելաշվիլին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է 2016 թվականից։ 9-րդ, 10-րդ և 11-րդ գումարման խորհրդարաններում նա ներկայացրել է «Վրացական երազանք»-ը։

«Եթե դուք այնպիսի կյանք եք ուզում, որտեղ մենք կգործենք ուրիշի հրահանգով և կուրորեն ընդունենք այն, ինչ ասում է Եվրոպան, ես չեմ ուզում այդպիսի Եվրոպա կամ քաղաքացիներ, ովքեր փակ աչքերով վստահում և ընդունում են ամեն ինչ: Դա Եվրոպա չէ։ Ես ապրել եմ Եվրոպայում, իսկ սրանք եվրոպական արժեքների մասին չեն»,- 2023-ին հայտարարում էր Կավելաշվիլին՝ «Օտարերկրյա գործակալների» օրենքի ընդնման շուրջ սկզբնական քննարկումների ժամանակ։ Նա նախագծի հեղինակներից էր։

Այդ ժամանակ օրենքը հետ կանչվեց, սակայն մեկ տարի անց՝ չնայած բողոքի բազմահազարանոց ակցիաներին և Թբիլիսիի միջազգային գործընկերների կոշտ քննադատությանն ու նախազգուշացումներին՝ մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանն երրորդ՝ վերջին ընթերցմամբ ընդունեց վիճահարույց օրենքը, իսկ օգոստոսին այն ուժի մեջ մտավ։

Վրաստանում նախագահական ընտրությունները կկայանան դեկտեմբերի 14-ին՝ նոր ընտրակարգով։

Խիստ սահմանափակ լիազորություններով օժտված նախագահին ընտրելու է հատուկ 300 հոգանոց ընտրական կոլեգիան, որի կազմում են լինելու խորհրդարանի 150 անդամները, Աջարիայի Գերագույն խորհրդի և Աբխազիայի վտարանդի խորհրդարանի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։

Գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի բացառել իր թեկնածության առաջադրումը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նախագահական ընտրությունները Վրաստանում կկայանան դեկտեմբերի 14-ին